27 մարտի 2015 - 11:02 AMT
ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ. Ադրբեջանը ձգտում է վերսկսել պատերազմը

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը նախօրեին` մարտի 26-ին, հայտարարություն է ներկայացրել ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպմանը: Դեսպան Կիրակոսյանն անդրադարձել է մարտի 19-ին շփման գծի հյուսիսային հատվածում` ԼՂՀ Մարտակերտի շրջանում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով զոհվել էր ԼՂՀ Պաշտպանության բանակի չորս զինծառայող: Նա ընդգծել է, որ ԼՂՀ ՊԲ հակահարվածի արդյունքում հակառակորդը տվել է բազմաթիվ զոհեր, ինչն ադրբեջանական կողմը փորձում է թաքցնել` պաշտոնապես արգելելով լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցելությունները սահմանամերձ բնակավայրեր, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մոտ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանն առաջին անգամ կիրառել է խոշոր՝ 120 մմ տրամաչափի հրետանի, ինչն ի ցույց է դնում Բաքվի մտադրությունը` շարունակել ընթանալ զինված առճակատման ճանապարհով: Դրանով Ադրբեջանը ձգտում է խարխլել 1994թ. հրադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը, խախտել ռազմական հավասարակշռությունը: Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին կոչ է արվել ուշադրություն դարձնել այդ վտանգավոր զարգացման վրա:

Դեսպանն ափսոսանք է հայտնել, որ այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը նշում է ռասայական խտրականության վերացման միջազգային օրը, Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս այլատյացության և անհանդուրժողականության կոչերով: Այդ կապակցությամբ նա մեջբերել է Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հայտարարությունները, որոնցում նրանք տարածքային նկրտումներ են ներկայացրել Հայաստանի մայրաքաղաքի և այլ տարածքների նկատմամբ ու անթաքույց արտահայտել իրենց մտադրությունը արցախյան հիմնահարցը լուծել ռազմական ագրեսիայի ճանապարհով:

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և զանգվածային ջարդերից պաշտպանությունը հանդիսանում է ԼՂՀ իշխանությունների պարտականությունը: Նա հիշատակել է, որ Ադրբեջանի կողմից վերահսկվող ԼՂ տարածքներում իրականացվել են հայ բնակչության էթնիկական զտումներ: Այդ համատեքստում Արման Կիրակոսյանը փաստել է, որ Ադրբեջանը ձգտում է վերսկսել զինված հակամարտությունը` Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը ուժով ճնշելու նպատակով:

Դատապարտելով Ադրբեջանի ուժային քաղաքականությունը՝ դեսպանը շեշտել է, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում իրավիճակի սրման և դրա հետևանքների համար: Նա վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման միջոցով հիմք է հանդիսանում խաղաղ բանակցությունների առաջընթացի համար:

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը , Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը , Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայող վիրավորվել են: Վիրավորները հոսպիտալացվել են: Մարտի 26-ին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացել է ծանր վիրավորված Սամվել Հակոբյանը:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար, հունվարի 12-ին հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։