31 մարտի 2015 - 15:26 AMT
Կիպրոսի օրենսդիրները համաձայնվել են քրեականացնել ցեղասպանության ժխտումը

Կիպրոսի օրենսդիրները մարտի 30-ին որոշում են կայացրել գործող օրենսդրության մեջ ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին փոփոխություններ կատարելու վերաբերյալ, եթե մարդկության դեմ այդ հանցագործությունը ճանաչված լինի Ներկայացուցիչների պալատի կողմից, հայտնում է Cyprus Mail-ը:

Գործող օրենքի համաձայն, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն է համարվում միայն այն դեպքում, եթե հանցագործությունը ճանաչված է Միջազգային դատարանի վերջնական որոշմամբ: Կիպրոսը Հայոց ցեղասպանությունը ճանաչած 22 երկրներից մեկն է: Սակայն, մինչ այժմ ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն չէր համարվում, քանի որ ճանաչված չէր Միջազգային քրեական դատարանի կողմից:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Յիանակիս Օմիրոուն առաջարկեց համալրել օրենսդրությունը ցեղասպանության ժխտման քրեականացման մասին կետով, եթե այն ճանաչված է Միջազգային դատարանի կամ Կիպրոսի խորհրդարանի որոշմամբ:

Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերի կոմիտեում քննարկումից հետո մարտի 30-ին պատգամավորները ընդունեցին Օմիրոուի առաջարկը, սակայն վերապահումով՝ ցեղասպանության ժխտումը կհամարվի քրեական հանացագործություն միայն այն դեպքում, եթե Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև ընդունի Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ հանցագործություն ճանաչելու մասին:

Իշխող DISY կուսակցության աղբյուրները հայտնել են, որ Ներկայացուցիչների պալատը կարող է արտաահերթ նստաշրջան գումարել ապրիլի 2-ին իրավական ուղղումը կատարելու համար:

Նշվում է, որ Կիպրոսն առաջին եվրոպական երկիրն է եղել և երկրորդն աշխարհում Ուրուգվայից հետո, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1975 թ. ապրիլի 24-ին միաձայն ընդունված բանաձևով: Ենթադրվում է, որ նախատեսված փոփոխությունները միաձայն կընդունվեն և ինքնաբերաբար կկիրառվեն Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում:

Ըստ օրենքի, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների ժխտումը, եթե այն ճանաչված է Միջազգային դատարանի կողմից, պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ և/ կամ 10 000 եվրո տուգանքով:

2014-ի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ՝ 54 կողմ, 42 դեմ ու 3 ձեռնպահ, ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Դրա լրամշակված տարբերակով Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն հրեաների, այլև հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտման համար: Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում: Ֆիզիկական անձինք նման խախտման համար կարող են տուգանվել՝ 10-ից մինչև 100 000 եվրոյով: Ժխտում ենթադրող միջոցառումներին մասնակցության համար նախատեսվում է 5-20 000 եվրո տուգանք:

Մարդկության դեմ հանցագործությունները, այդ թվում և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկվել էր նաև սեպտեմբերի 5-ին կայացած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հանդիպմանն Ուելսում։

Էրդողանը Հունաստանի վարչապետին զգուշացրել էր, որ այդ օրինագիծը թուրք-հունական հարաբերություններում խնդիրների պատճառ կդառնա: Հունական կողմն էլ ընդգծել էր, թե օրինագիծը համապատասխանում է միջազգային իրավունքին և Եվրոպայում ընդունված որոշումներին: Ըստ հունական կողմի՝ օրենքը պատրաստվել է ի նշան զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքի և որևէ կերպ չի առնչվում ժամանակակից Թուրքիայի հետ հարաբերություններին:

Այսպիսով, Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

Նմանատիպ օրինագիծ է քննարկվում նաև Ֆրանսիայում: