2 ապրիլի 2015 - 12:19 AMT
ԱԳ փոխնախարար. ՀՀ-ն պատրաստ է ընդլայնել ԵՄ հետ գործակցությունը

Մարտի 31-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը մասնակցեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ և գործընկեր երկրների մոտեցումներն ու ակնկալիքներն Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարական հանդիպմանը և գագաթնաժողովին ընդառաջ:

Նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծեց ԵՄ աջակցությամբ ընթացող բարեփոխումների գործընթացները խորացնելու, ԵՄ հետ քաղաքական, տնտեսական երկխոսությունը և ոլորտային համագործակցությունն ընդլայնելու Հայաստանի պատրաստակամությունը:

Կարեն Նազարյանը ներկայացրեց ԵՄ հետ իրավական նոր փաստաթղթի շուրջ անցյալ տարեվերջից մեկնարկած մտքերի փոխանակման արդյունքները: Նա կարևորեց Եվրոպական հանձնաժողովի կողմից նախաձեռնած Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման գործընթացն՝ ընդգծելով համաեվրոպական արժեքներին հավատարմության և բարեփոխումներում գրանցած առաջընթացի հիման վրա տարբերակված մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Նախօրեին Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարեց, որ Ռիգայում կայանալիք Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում ամենայն հավանականությամբ Հայաստանի և Եվրամիության միջև փաստաթուղթ կստորագրվի: Ըստ քաղաքագետի, մեծ է հավանականությունը, որ Ռիգայի գագաթնաժողովում քայլ կձեռնարկվի Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները ֆիքսելու ուղղությամբ։ «Փաստաթուղթը չի կոչվի «Ասոցացման համաձայնագիր», թեև ըստ էության դա կլինի ասոցիատիվ համաձայնագիր առանց Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու պայմանագրի»,- նշել է Իսկանդարյանը։Ըստ քաղաքագետի՝ ինչ էլ որ լինի մայիսին Ռիգայում, Հայաստանի և ԵՄ հարաբերությունները շարունակվելու են։

Ըստ Յոհաննես Հանի՝ հետագա երկկողմ համագործակցությունը մշակվելու և իրականացվելու է՝ հաշվի առնելով Հայաստանի «այլ միջազգային պարտավորությունները»: ԵՄ-ն աջակցելու է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական բարեփոխումների, ազատ տեղաշարժի համաձայնագրի, ռեադմիսիոն պայմանագրից բխող բարեփոխումների և այլ ուղղություններով:

«Ավելին՝ կշարունակենք աջակցություն ցուցաբերել ՀՀ քաղհասարակությանը»,-ասաց նա և հավելեց, որ առաջիկա երեք-չորս ամիսների աշխատանքներից հետո կլինեն ԵՄ-Հայաստան համապարփակ և ծավալուն հարաբերություններ: