2 ապրիլի 2015 - 14:03 AMT
Tempi. Ապրիլի 24-ին գնալ Երևան և հիշատակել զոհերի՞ն, թե Ստամբուլ՝ բավարարելու դահիճներին

Պետությունների առաջնորդներին «ապրիլի 24-ին լինելու են հայերի՞ կողքին, թե Ստամբուլում` բավարարելով դահիճներին», գրել է իտալական առաջատար Tempiպարբերականը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման՝ Երևանում անցկացվող արարողությունների մասին հոդվածում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը` որպես պատմական իրողության, պարբերականը գրում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց երիտթուրքերի արշավը ընդդեմ քրիստոնյա հայերի, որն ավարտվեց ավելի քան մեկ ու կես միլիոն հայի սպանությամբ: Պարբերականի դիտարկմամբ` նպատակը մեկն էր, կայսրության բոլոր շրջաններում կրճատել հայերի թիվը միայն այն բանի համար, որ նրանք թուրքեր չէին, գրում է Panorama.am-ը:

Մեջբերելով հարցման տվյալներ` պարբերականը գրում է, որ Թուրքիայի բնակչության միայն 9.1 տոկոսն է 1915 թվականի իրադարձությունները համարում ցեղասպանություն: Այս համատեքստում նաև մեջբերվում է վերջերս Ստամբուլի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերին հակահայկական գրությունների հայտնվելու մասին:

Թուրքիայի նախագահ Էրդողանը միտումնավոր ապրիլի 24-ը հռչակեց Գալիպոլիի ճակատամարտի տարելիցի օր, որպեսզի հակակշիռ ստեղծի Երևանում անցկացվող ապրիլ 24-յան ոգեկոչման արարողություններին, գրել է պարբերականն ու մեջբերել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ Էրդողանը փորձում է ամեն կերպ խոչընդոտել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին:

Էրդողանը նույնպես հրավերներ է ուղարկել աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներին այն դեպքում, երբ հայկական կողմը ավելի վաղ էր արել դա, նկատել է հոդվածագիրն ու ավելացրել. «Հարկավոր է ընտրել. գնալ Երևան և հիշատակել Հայոց ցեղասպանության զոհերին, թե՞ Ստամբուլ՝ դահիճներին բավարարելու համար: Անգլիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն արդեն հայտարարել է, որ չի մեկնի Հայաստան, «չնայած հասկանում է 100-րդ տարելիցի մեծ կարևորությունը»: Քեմերոնն արդեն զբաղված է. այդ օրը նա Թուրքիայում է լինելու: Իսկ ի՞նչ է անելու Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին: Այդ մասին նա դեռ չի հայտարարել»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին Թուրքիայում Դարդանելի (Գալիպոլի, Դարդանելի) ռազմական գործողությունների 100-ամյակին նվիրված պետականորեն կազմակերպված տոնակատարություններին մասնակցելու հրավեր, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, ուղարկել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նույն օրը ՀՀ նախագահը պատասխանել էր հրավերին մերժումով: Սերժ Սարգսյանի պատասխան նամակում մասնավորապես, ասված է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին: «Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Մինչդեռ Թուրքիայում գործող 5 հասարակական կազմակերպություն համաշխարհային առաջնորդներին կոչ են արել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը չընդունել Էրդողանի հրավերը, այլ փոխարենը մեկնել Երևան: