1 սեպտեմբերի 2006 - 18:36 AMT
Հայաստանի եւ համայն հայության պարտքն է զորակցել Ղարաբաղի զարգացմանը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 15-ամյակի առթիվ, հաղրոդւոմ է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Ուղերձում, մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ,Շնորհավորում եմ ձեզ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ: Արցախի ժողովուրդը կատարել է իր պատմական ընտրությունը` պաշտպանել է իր ազգային իրավունքները պարտադրված պատերազմում եւ այսօր կառուցում է ազատ ու ժողովրդավարական պետություն:
Արցախյան ազատամարտի անմահ հերոսների մեծագույն հուշարձանը ազատ ու հզոր Ղարաբաղն է:
Լեռնային Ղարաբաղում ընթացող պետական շինարարությունն ուղղված է երկրի համակողմանի զարգացմանը եւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը: Արցախում ամուր եւ ժողովրդավարական պետականության առկայությունն անհրաժեշտ գրավական է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծման համար:
Հայաստանի Հանրապետության եւ համայն հայության պարտքն է զորակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացմանը եւ հզորացմանը, ինչպես նաեւ միջազգային ճանաչմանը: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ հոբելյանի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն եւ առաջընթաց»: