Քրիստոնեությունը դեռևս մնում է առաջատար համաշխարհային կրոնը հետնորդների քանակի առումով, սակայն իսլամը շուտով կարող է հասնել այդ ցուցանիշին:
Եթե պահպանվեն առկա միտումները, մինչև 2050 թ. քրիստոնյաների ու մահմեդականների քանակը մոլորակում կարող է հավասարվել, իսկ 2070-ին արդեն մահմեդականները մեծամասնություն կկազմեն: Նման կանխատեսում կա Վաշինգտոնի Պիուի անվան հետազոտական կենտրոնի մասնագիտական բաժանմունքի հրապարակած զեկույցում:
Ըստ փաստաթղթի, 2010 թ. տվյալներով, աշխարհում մոտ 2,2 մլրդ քրիստոնյա կա: Նրանք կազմում էին երկիր մոլորակի բնակչության 31 տոկոսը: Մահմեդականների ցուցանիշը շատ ավելի նվազ էր՝ 1,6 մլրդ մարդ կամ 23 տոկոս:
Սակայն իսլամի հետնորդները բնակվում են մոլորակի ժողովրդագրական դինամիկ աճ ունեցող տարածաշրջաններում: Ըստ ամերիկացի մասնագետների, 2050-ին նրանց ընդհանուր քանակը կավելանա 73 տոկոսով՝ քրիստոնյաների 35 տոկոսի դիմաց: Արդյունքում մոլորակի բնակիչների 9,3 մլրդ-ից 2,8 մլրդ մահմեդականներ են, 2,9 մլրդ-ը՝ քրիստոնյաներ: Ի դեպ, քրիստոնյաների մոտ 40 տոկոսն ապրելու է Աֆրիկայում՝ Սահարայից դեպի հարավ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Եվրոպայում միգրացիայի հետևանքով մահմեդականների քանակը կկազմի բնակչության ընդհանուր քանակի 10 տոկոսը: Մի շարք երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, քրիստոնյաներն այլևս մեծամասնություն չեն կազմի:
ԱՄՆ-ում իսլամը հետնորդների թվով երկրորդ կրոնը կլինի քրիստոնեությունից հետո՝ գերազանցելով հուդայականների քանակը: Քրիստոնյաների քանակն Ամերիկայում կնվազի երեք քառորդից մինչև երկու երրորդը:
Համաշխարհային մեծ կրոններից միակը, որտեղ հետազոտողները քանակային աճ չեն կանխատեսում առաջիկա 4 տասնամյակում, բուդդայականությունն է: Պատճառն այն է, որ այդ կրոնի հետնորդների շրջանում հավատացյալների թվում ծնելիության ամենացածր մակարդակն է գրանցված՝ մեկ կնոջը միջինը բաժին է ընկնում 1,6 երեխա:
Մահմեդականների ու քրիստոնյաների ցուցանիշները շատ ավելի բարձր են՝ 3,1 և 2,7 համապատասխանաբար: Ըստ հետազոտողների կանխատեսումների, աշխարհում նվազման միտում ունի նաև աթեիստների, ագնոստիկների և ոչ մի կրոնին իրեն չդասող մարդկանց քանակը, թեև առանձին երկրներում՝ ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում, օրինակ, նրանց քանակը կաճի: