3 ապրիլի 2015 - 16:06 AMT
Դիվերսիա շփման գծում. Հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին, հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին, հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայ դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել: Միջադեպի մանրամասները ճշտվում են, ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մոտ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը, Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայող վիրավորվել են: Վիրավորները հոսպիտալացվել են: Մարտի 26-ին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացել է ծանր վիրավորված Սամվել Հակոբյանը:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար: