3 ապրիլի 2015 - 17:37 AMT
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Կիպրոսում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը

Թուրքիայի արտգործնախարարությունից մեկնաբանել են Կիպրոսի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:

Կիպրոսի որոշումը որևէ արժեք չունի Թուրքիայի համար, ասել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը, թուրքական Beyaz gazete կայքին հղումով գրում է Tert.am-ը:

«1915-ի դեպքերը պարզունակ քաղաքական հաշիվների համար օգտագործողները սրանից հետո էլ որևէ արդյունքի չեն հասնելու»,- ասել է Բիլգիչը:

Իսկ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահին ու խորհրդարանի ղեկավարին՝ շնորհակալություն հայտնելով պատմական որոշման համար։ «Այս քաջ որոշումն արդարության և մարդկային իրավունքների հանդեպ Կիպրոսի Հանրապետության ունեցած զորեղ հանձնառության շոշափելի արտահայտությունն է»,- գրել է կաթողիկոսը:

Ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, որը ներկայացրել էին խորհրդարանի բոլոր խմբակցությունները (56 պատգամավոր): Դրանով ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների ժխտումը, եթե այն ճանաչված է Միջազգային դատարանի կողմից, պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ և / կամ 10.000 եվրո տուգանքով:

2014-ի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանն էր ձայների մեծամասնությամբ՝ 54 կողմ, 42 դեմ ու 3 ձեռնպահ, ընդունել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում: Ֆիզիկական անձինք նման խախտման համար կարող են տուգանվել՝ 10-ից մինչև 100.000 եվրոյով: Ժխտում ենթադրող միջոցառումներին մասնակցության համար նախատեսվում է 5-20.000 եվրո տուգանք:

Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն էր, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: Նման օրինագիծ է քննարկվում նաև Ֆրանսիայում: