4 ապրիլի 2015 - 11:27 AMT
ԱՄՆ Հավայի նահանգի սենատը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Հավայի նահանգի սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ ճանաչող բանաձևը` ապրիլի 24-ը հայտարարելով Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Բանաձևը Սենատում ներկայացրել են սենատորներ Սյուզան Չան Օքլենդը, Դոնովան Դելա Քրուզը, Ուիլ Էսպերոն, Բրին Հարիմոտոն, Լես Իհարան և այլք: Ստորագրման գործընթացին, բացի այս սենատորներից, ներկա են եղել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, Asbarez.com-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Սենատը միանում է Հավայիների հայկական համայնքին ու ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերին` ճանաչելով Հայոց ցեղասպանության փաստն ու հարգելով բոլոր զոհերի հիշատակը: Սենատը կոչ է անում աշխարհի բոլոր քաղաքացիներին երբեք չմոռանալ մարդկության դեմ գործած այդ սարսափելի հանցանքները»,- նշված է բանաձևում:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1965-ից, երբ Ուրուգվայն առաջինը ճանաչեց Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ոճրագործությունը։ Ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915-ին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Արգենտինան, Բելգիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լիբանանը, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Վատիկանը, Վենեսուելան, Բոլիվիան, ԱՄՆ նահանգներից 43-ը: 2014-ի հունիսին Նավարան դարձավ Իսպանիայի չորրորդ ինքնավար տարածաշրջանը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այդ փաստը ճանաչել են նաև Բասկերի երկիրը, Կատալոնիան ու Բալեարյան կղզիները: 2015-ի հունվարին Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև իսպանական Բուրխասոտի քաղաքային խորհուրդը, մարտին՝ Բետերայի քաղաքապետարանը:

Ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, որը ներկայացրել էին խորհրդարանի բոլոր խմբակցությունները (56 պատգամավոր): Դրանով ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների ժխտումը, եթե այն ճանաչված է Միջազգային դատարանի կողմից, պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկմամբ և / կամ 10.000 եվրո տուգանքով:

2014-ի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանն էր ձայների մեծամասնությամբ՝ 54 կողմ, 42 դեմ ու 3 ձեռնպահ, ընդունել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում: Ֆիզիկական անձինք նման խախտման համար կարող են տուգանվել՝ 10-ից մինչև 100.000 եվրոյով: Ժխտում ենթադրող միջոցառումներին մասնակցության համար նախատեսվում է 5-20.000 եվրո տուգանք:

Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն էր, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: Նման օրինագիծ է քննարկվում նաև Ֆրանսիայում: