4 սեպտեմբերի 2006 - 13:41 AMT
Արկադի Ղուկասյան. «Մենք պետք է հասնենք ԼՂՀ դե յուրե անկախությանը»
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը միակ փրկությունն էր Լեռնային Ղարաբաղի համար, եւ կյանքն ապացուցեց, որ մենք իրավացի էինք: Հակառակ դեպքում, մենք կկրկնեինք Նախիջեւանի ճակատագիրը»,-ԼՂՀ անկախության 15-ամյակի առիթով հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ ամենակարեւորն այն է, որ ԼՂՀ ժողովուրդը հասել է դրված նպատակին, հաղթել է իրեն պարտադրված պատերազմում, կառուցել է զարգացող պետություն, եւ որ վերջին 15 տարիների խորհրդանիշը ազատ եւ անկախ կյանքն է: «Երբեմն թվում է, որ անկախությունը ենթադրում է, որ մենք հաղթահարել ենք բոլոր առկա դժվարությունները: Ցավոք, դա այդպես չէ: Առջեւում մենք դեռեւս շատ դժվարություններ ունենք, քանի որ պետք է հասնենք դե յուրե անկախության եւ հասկանալի է, որ մենք երկու գերխնդիր ունենք»,-նշել է ԼՂՀ նախագահը:
Առաջին գերխնդիրն, ըստ Ա.Ղուկասյանի, դա խաղաղությունն է, պայմանագիրը Ադրբեջանի հետ, երկրորդը` դա ԼՂՀ միջազգային ճանաչումն է: «Գտնում եմ, որ մենք ի վիճակի ենք լուծելու այս երկու խնդիրները»,-ընդգծել է ԼՂՀ նախագահը:
Անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը Լեռնային Ղարաբաղում, ղարաբաղյան պետության ղեկավարը նշել է, որ ոչ մի հիմք չի տեսնում պատերազմի վերսկսման համար` ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ բարոյական, ոչ էլ աշխարհագրական:
«Բացարձակապես համոզված եմ, որ այսօրվա դրությամբ համաշխարհային հանրությունը շահագրգռված է, որ պատերազմը վերսկսվի, եւ եթե ագրեսիվ կոչեր են հնչում Ադրբեջանի կողմից, հավանաբար, հարկավոր է տեսնել, թե «ինչու է դա նրանց պետք»,-ասել է Արկադի Ղուկասյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: