7 ապրիլի 2015 - 17:51 AMT
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ընտրական ցուցակը հայուհի է գլխավորում

Թուրքիայում հրապարակվել է գլխավոր ընդդիմադիր Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության (ԹԺՀԿ) պատգամավորության թեկնածուների ցուցակը, որն անակնկալ էր, գրում է թուրքական Milliyet-ը:

Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում ԹԺՀԿ առաջնորդ Քեմալ Ղըլիչդարօղլուն ընտրացուցակի առաջին հորիզոնականը հայուհու է տվել՝ Սելինա Օզուզուն Դողանին, գրում է պարբերականը, հայտնում է vestikavkaza.ru-ն: Սելինա Օզուզուն Դողանը ծնվել է Ստամբուլում 1977 թ.: Նա ամուսնացած է, երկու երեխա ունի, աշխատում է փաստաբանական գրասենյակում: Հայերենից ու թուրքերենից բացի տիրապետում է անգլերենի և ֆրանսերենի:

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որին կմասնակցի 53 միլիոնից ավելի ընտրող:

Թուրքիայում ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գործակցելու փոխադարձ ցանկություն են դրսևորում թուրքական կուսակցություններն ու տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Ինչպես մարտին կայացած ՏԻՄ և օգոստոսին՝ նախագահական ընտրությունների ժամանակ, հայերն ակտիվ են հիմնականում քրդերով համալրված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունում (HDP). դրա կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Կարո Պայլանը ոչ միայն թեկնածությունը հաստատելու, այլև խորհրդարան անցնելու գործնական հնարավորություն ունի: Այս կուսակցությունից առաջադրվելու համար դիմել են նաև Ֆիքրի Չալըշը, Զաքարիա Սաբունջուն և Նվարդ Բաքըրջըօղլուն: «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP) դիմել են Մարգար Եսայանը և Հերման Բալյանը: Իսկ Ժողովրդահանրապետական կուսակցությանը (CHP) դիմել է Թալին Էրգյունեշ Գազերը:

Գերագույն ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ խորհրդարանի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակացույցով Թուրքիայի քաղաքացիները նոր խորհրդարան ընտրելու համար կքվեարկեն հունիսի 7-ին: Արտերկրում բնակվող և ընտրելու իրավունք ունեցողները՝ մայիսի 8-ից 31-ը:

Ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրենց նախընտրական ցուցակները պետք է հանձնաժողով ներկայացնեն մինչև ապրիլի 7-ը, իսկ խորհրդարանի պատգամավորի թեկնածու առաջադրվածների պաշտոնական ցանկը Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովը հրապարակելու է ապրիլի 24-ին:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում է ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Իսկ նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները: