7 ապրիլի 2015 - 19:16 AMT
BBC. ԼՂ-ն անկախ պետություն է` իր կառավարությունով, համալսարաններով և անգամ միջազգային օդանավակայանով

Բրիտանական BBC լրատվական գործակալությունը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությանը: Խնդրի լուսաբանման համար BBC-ի լրագրողները ռեպորտաժ են պատրաստել հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` ներկայացնելով իրավիճակն այնտեղ:

«Լյուդմիլան իր կրտսեր որդուն` Տիգրանին, թվաբանություն է սովորեցնում: Նա կարողանում է հաշվել մատներով` ի տարբերություն իր ավագ եղբոր, ով 2 տարի առաջ պատահաբար հայտնաբերել է մի չպայթած ադրբեջանական ական և խաղալով` պայթեցրել այն: Արդյունքում երեխան զրկվել է դաստակից ու ստիպված է շարունակ ձեռքը թաքցնել գրպանում»,-այսպես է սկսվում Արցախի մասին պատմող տեսանյութը, որտեղ Տիգրանի մայրը` Լյուդմիլան, նշում է, որ իրենք դեռևս ապրում են բռնության շարունակման վախով, գրում է Panorama.am-ը:

«Եթե սկսվի պատերազմը, մենք բոլորս կտուժենք, իմ երեխաները կտուժեն. էական չէ` մենք մեղավոր ենք պատերազմում, թե ոչ, մենք հայեր ենք և նույնպես ունենք գոյատևելու իրավունք»,-նշում է արցախցի կինը:

Տեսանյութում ասվում է, որ հայերն ու ադրբեջանցիները պայքարել են Ղարաբաղի համար 1990-ականներին, և Ադրբեջանը պարտվել է պատերազմում: Նշվում է նաև, որ չնայած արդեն 20 տարուց ավել պահպանվող հրադադարին` իրավիճակը երկու կողմերի զորքերի միջև շփման գծում շարունակում է լինել ծայրահեղ ռազմականացված: Շարունակ տեղի են ունենում կրակոցներ ու կորուստներ:

«Լեռնային Ղարաբաղը իրեն հռչակել է անկախ պետություն, որն ունի իր սեփական կառավարությունը, համալսարանները, անգամ միջազգային օդանավակայանը: Անցած տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշեց իր անկախության 20 ամյակը, սակայն մինչ օրս այդ անկախությունը չի ճանաչվել միջազգային հանրության կողմից: Հակամարտությունը դեռևս լուծված չէ, և դրա վառ ապացույցն է այս օդանավակայանը, որը դատարկ է, ու չկան չվերթներ: Ինքնաթիռները, որոնք կարող են թռչել այս օդանավակայանից, գտնվում են Ադրբեջանի կողմից հարվածի սպառնալիքի տակ»,- նշում է BBC-ի լրագրողը:

Տեսանյութում նշվում է, որ բանակցային գործընթացից Ղարաբաղի կառավարության մեկուսացվածության հետևանքով խնդիրը տեղից չի շարժվում:

«Երբ դուք դուրս եք մղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բանակցային սեղանից, ապա խնդիրը դառնում է ոչ թե ինքնորոշման հարց, այլ տարածքային վեճ, որտեղ շատ հեշտ է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսորի: Բայց իրականության մեջ սա հակամարտություն է, որի հիմքում ընկած է ազգի ինքնորոշման խնդիրը»,-հայտնել է ԼՂՀ-ի արտգործնախարար Կարեն Միրզոյանը BBC-ի լրագրողներին:

Ռեպորտաժի վերջում BBC-ն ներկայացնում է, թե ինչպես են Արցախի դպրոցներում երեխաներին ինքնապաշտպանության դասընթաց կազմակերպում և սովորեցնում չպայթած ականների հետ վարվելու անվտանգության կանոնները, որպեսզի թույլ չտրվի նույն սխալը, ինչի պատճառով Տիգրանի եղբայրը զրկվել էր դաստակից: Ըստ լրագրողի` Ղարաբաղի տարածքում պահպանվել են հազարավոր չպայթած ադրբեջանական ականներ, որոնք նոր պատերազմի սպառնալիքի հետ միասին կազմում են ներկայի խնդիրը: