9 ապրիլի 2015 - 15:38 AMT
Թուրքական կազմակերպությունում հակասություններ են. Ցեղասպանության ժխտում և ներողություն 1 օրում

Թուրքիայի «Ժամանակակից իրավաբանների միության» (ԺԻՄ-ÇHD) իզմիրյան մասնաճյուղը ներողություն է խնդրել հայերից՝ Հայոց ցեղասպանության համար:

Իզմիրի փաստաբանների պալատի ծրագրած «Ընդդեմ Հայոց ցեղասպանության պնդումների. վերջ տանք հարյուրամյա ստին» խորագրով ժողովը բողոքի ալիք է բարձրացրել Իզմիրի իրավաբանների շրջանում: Ի պատասխան պետական ժխտողական քաղաքականությունը որդեգրած փաստաբանների պալատի նշյալ նախաձեռնությանը` Իզմիրի ԺԻՄ-ը հրապարակել է մի հայտարարություն, որով ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել հայ ժողովրդից, գրում է Ermenihaber.am-ին:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Իզմիրի փաստաբանների պալատը 2015թ. մարտի 9-ին «Ընդդեմ Հայոց ցեղասպանության պնդումների. վերջ տանք հարյուրամյա ստին» խորագրով ժողով է կազմակերպում: Իրավաբանական կազմակերպության կողմից մարդկության դեմ իրականացված այնպիսի հանցագործության թեմայով, ինչպիսին ցեղասպանությանն է, պաշտոնական գաղափարախոսության տարածումն ու ազգայնամոլության թույնի գովազդումը մեզ հարկադրեցին հանդես գալ հատուկ հայտարարությամբ: Սրանից հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ «տեղահանություն» անվան տակ իրականացված գործողությունը ցեղասպանություն էր: Որպես Իզմիրի փաստաբաններ՝ մենք թույլ չենք տա, որպեսզի քողարկվի կամ մոռացվի հայ ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանությունը: Մենք հայ ժողովրդից ներողություն ենք խնդրում այն փաստաբանների պալատի անունից, որի անդամն ենք»:

Թուրքիայում հայերից ներողություն խնդրելու ամենամեծ և հակասական կարծիքների արժանացած ակցիան 2008-ին էր, երբ www.ozurdiliyoruz.com կայքում տեղադրվեց խնդրագիր, որում մասնավորապես ասվում է. «Իմ խիղճը չի ընդունում անտարբերությունն ու ուրացումը հանդեպ մեծ եղեռնի, որին ենթարկվեցին օսմանյան հայերը 1915 թվականին: Ես մերժում եմ այս անարդարությունը, կիսում եմ իմ հայ քույրերի և եղբայրների զգացմունքներն ու ցավերը և ներողություն եմ խնդրում նրանցից»:

Խնդրագրի տեղադրումից հետո առաջին 24 ժամվա ընթացքում դրա տակ ստորագրեց մոտավորապես 8000 մարդ։ 2013 թվականի կեսին ստորագրողների թիվը հատեց մոտ 32.000-ը։ Ակցիայի կազմակերպիչներն էին պրոֆեսոր Ահմեդ Ինսելը, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բասքըն Օրանը, լրագրող Ալի Բայրամօղլուն և Թուրքիայի ակադեմիական շրջանը ներկայացնող ևս 300 ներկայացուցիչներ, լրագրողներ և հասարակական գործիչներ: Տեսակետներ կան, որ այս քայլը քարոզչական հնարք էր՝ հայ և թուրք հասարակությունում տրամադրությունները ստուգելու, միջազգային հնարության և գերտերությունների առաջ հայ-թուրքական կարգավորվող հարաբերությունների իմիտացիայի և Հայոց ցեղասպանության ճանաչման ձևաչափով միջամտությունները կանխելու նպատակով: