9 ապրիլի 2015 - 21:10 AMT
«Հիմնադիր խորհրդարանի» անդամներին մեղադրանք է առաջադրվել՝ «Զանգվածային անկարգությունների նախապատրաստում»

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի հարցաքննությունն ավարտվել է՝ նրան մեղադրանք է առաջադրվել, և վերջինս տեղափոխվել է դատարան:

Մեղադրանք է առաջադրվել նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանին: Խափանման միջոցը որոշելու համար վերջինս գտնվում է Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում:

ՀՀ քննչական կոմիտեի մոտ են հավաքված երկու օր առաջ ՀՀ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալված՝ «Հիմնադիր խորհրդարանի» 5 անդամների՝ Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի, Գևորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուքասզյանի հարազատները և գաղափարակիցները, գրում է Tert.am-ը:

Քննչական կոմիտեում աշխատում է փաստաբանական խումբը, թեև նախապես որոշված էր, որ 5 ձերբակալվածների հետ պետք է աշխատեն տարբեր փաստաբաններ: «Բայց որպեսզի պաշտպանութունը ավելի ուժեղ լինի, որոշում է կայացվել, որ փաստաբանները միասնական բոլորը պաշտպանում են բոլորին: Նրանք են՝ Տիգրան Եգորյանը, Արա Զաքարյանը, Գևորգ Դավթյանը, Հայկ Գրիգորյանը և Լուսինե Սահակյանը, ում փոխարեն այսօր մեկ այլ փաստաբան է եկել»,-ասել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գագիկ Սարխուխանյանը:

Ապրիլի 7-ի առավոտյան՝ ժամը 06:35-ի սահմաններում «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակ են մուտք գործել իրավապահ մարմինների մոտ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայացնելով շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ: Իրավապահների այլ խմբեր էլ, ըստ «Հիմնադիր խորհրդարան»-ի, խուզարկություններ են իրականացրել Կարո Եղնուկյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի բնակարաններում: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Քննչական կոմիտեի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015 թվականի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը, հայտնել են Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով: Այս քրեական գործի շրջանակում այսօր ձերբակալվել է 4 անձ։ Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը։