10 ապրիլի 2015 - 15:13 AMT
Սան Պաուլոյի խորհրդարանն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Բրազիլիայի ամենախոշոր նահանգը՝ Սան Պաուլոյի խորհրդարանը, ապրիլի 8-ին ընդունել է համար 1266/2014 բանաձևը, որով ապրիլի 24-ը հռչակվել է «Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»: Նախագիծը հեղինակել է նահանգային պատգամավոր Պեդրո Տոբիասը, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Սան Պաուլոն ամենախոշորն նահանգն է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում, որի բնակիչների թիվը կազմում է 44 միլիոն մարդ, ինչը Բրազիլիայի ազգաբնակչության 20%-ն է: Նահանգի կազմում գործում են 645 մունիցիպալ կազմավորումներ: Սան Պաուլոն ամենախոշոր վարչական միավորումն է ամբողջ Հարավային Ամերիկայում: Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի փետրվարի 17-ին: 1998-ի մարտից Սան Պաուլոյում գործում էր ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: 2011-ի նոյեմբերի 20-ին Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Կամպինաս Քաղաքային խորհրդարանն ընդունել է բանաձև՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: 2003-ին ևս Սան Պաուլոյի խորհրդարանը բանաձև էր ընդունել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին:

Մինչև այդ ապրիլի 3-ին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է H.R. 904 բանաձևը՝ ապրիլի 24-ը հռչակելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: