11 ապրիլի 2015 - 16:51 AMT
Անկարայում անհանգիստ են. ԵԽ-ում Ցեղասպանության մասին բանաձևի դեմ Թուրքիայի ջանքերն անարդյունք են

Ապրիլի 15-ին Եվրախորհրդարանում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև: ԵԽ-ի բոլոր քաղաքական խմբակցությունների կողմից համատեղ ներկայացված բանաձևում լինելու են դրույթներ, որոնք կարող են անհանգստացնել Թուրքիային և մինչև օրս Անկարան բանաձևի ընդունումը կանխելու ուղղությամբ դիվանագիտական քայլեր է կատարել, սակայն դրանք որևէ արդյունք չեն տվել, թուրքական «Հյուրիյեթ» -ին հղումով գրում է ermenihaber.am-ը:

Հայոց ցեղասպանության թեման երկար ժամանակ ԵԽ-ում իրավական հիմքերի վրա չէր դրվում, սակայն այժմ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ թեման արդեն այլ ձևաչափի մեջ է դիտարկվում, և շնորհիվ հայկական սփյուռքի տևական ու հետևողական ջանքերի՝ նոր բանաձևում հայկական կողմին բավարարող դրույթներ են ներառվելու:

Նոր բանաձևը լինելու է առավելապես «քաղաքական ձևաչափի» մեջ: Այն աջակցելու է Հայաստանին և կոչ է անելու Թուրքիային առերեսվել անցյալի հետ ու ճանաչել ցեղասպանությունը՝ կատարվածի պատասխանատվությունը գցելով Թուրքիայի վրա: «Իսկ հատկապես Ցեղասպանության ճանաչման խնդիրը Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու գործընթացի հետ կապելը կազդի նաև Բրյուսել-Անկարա փոխհարաբերությունների վրա», - գրում է «Հյուրիյեթը»:

Նշվում է նաև, որ Թուրքիայի ջանքերի շնորհիվ որոշման նախնական տարբերակներում կարող են շեշտվել «դեպքերի՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունենալու» հանգամանքը և «խնդիրը պատմաբաններին թողնելու» առաջարկը, սակայն փոքր է հավանականությունը, որ այդ արտահայտությունները կպահպանվեն վերջնական տեքստում:

Անցյալ շաբաթ թուրքական մի պատվիրակություն, որի կազմում ընդգրկված էին թուրքական իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) պատգամավորներ Աֆիֆ Դեմիրքըրանը, Սեյիթ Սերթչելիքը , ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ - CHP) պատգամավոր Ֆարուք Լողօղլուն և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ –MHP) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն, Բրյուսելում որոշակի պաշտոնական հանդիպումներ է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ: Պատվիրակության անդամները հատկապես ընդգծել են Թուրքիայի պաշտոնական մոտեցումը, այն է՝ «խորհրդարանների ընդունած որոշումները չեն կարող դատարանների որոշումներին համարժեք ուժ ունենալ»:

Նման մի պատվիրակություն էլ նույն նպատակով Թուրքիայից Բրյուսել կմեկնի առաջիկա օրերին: Սակայն, ինչպես հենց «Հյուրիյեթն» է վկայում, ԵԽ-ում տիրում է այն մոտեցումը, որ «վերջին պահին ձեռնարկված քայլերը որևէ փոփոխություն չեն կարող առաջացնել»:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը քվեարկության կդրվի ապրիլի 15-ին:

Եվրախորհուրդը Հայոց ցեղասպանությունը ճանաչող մի որոշում ընդունել է դեռևս 1987 թ: Իսկ մի քանի շաբաթ առաջ հրապարակված հայտարարությամբ ԵԽ-ն ԵՄ անդամ երկրներին կոչ արեց «ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ջանքեր գործադրել՝ ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»: ԵՄ անդամ 28 երկրներից 11-ն արդեն պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: