11 ապրիլի 2015 - 19:32 AMT
Նախագահը՝ Նեապոլում հայկական խաչքարի և Նախիջևանում Ադրբեջանի մշակութային ցեղասպանության մասին

Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր Գարեգին Բ-ի և կարդինալ Սեպեն եկեղեցական արարողություն են մատուցել և Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարը բացել և օծել: Արարողությանը մասնակցել է նաև պաշտոնական այցով Իտալիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն,տեղեկացնում է երկրի ղեկավարի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Միջոցառման ընթացքում հասարականան, քաղաքական, տնտեսական հատվածները ներկայացնող մի խումբ հայ և իտալացի գործիչների նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է ՀՀ պետական բարձր պարգևներ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ կապերի ամրապնդման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հոգևոր արժեքների տարածման, հայ-իտալական մշակութային, բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայանպաստ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության բնագավառում և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:

Նախագահին շնորհվել է Նեապոլ քաղաքի շքանշան, որը Սերժ Սարգսյանին հանձնել է քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը:

«Հուզիչ է, որ հենց հայոց առաջին քահանայապետն է Հայաստանից ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս քաղաքի պահապան սուրբը և որ մինչ օրս 16-րդ դարի այս հիասքանչ վանական համալիրը, հարակից փողոցն ու հրապարակը կրում են նրա անունը։ Սա վկայում է հայ և իտալացի ժողովուրդներին մերձեցնող խոր ու անքակտելի պատմական կապերի մասին, ինչում մեծ է նաև սուրբ Գրիգոր հայի ավանդը: Եվ այն, որ այսօր՝ շուրջ հինգդարյա բացակայությունից հետո, նրա սուրբ մասունքները վերադարձվեցին իրենց նախնական մատուռ, մեծ խորհուրդ ունի», - ասել է Սերժ Սարգսյանը և հավելել, որ առհասարակ խոսուն է փաստը, որ հայերը եկեղեցաշինությամբ են զբաղվել ոչ միայն իրենց հայրենիքում, այլև այն բոլոր վայրերում, որտեղ ճակատագրի բերումով հայտնվել են: Դեռևս 12-րդ դարում իտալական 9 քաղաքում գործել են 10-ից ավելի հայկական եկեղեցիներ, որոնց թիվը 15-րդ դարում հասել է 40-ի։ Անգամ իտալական այնպիսի փոքր քաղաքում, ինչպիսին Մատեռան է, նույնպես վեր է խոյանում մի գողտրիկ հայկական եկեղեցի:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող այս հրապարակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն ճանաչված հայկական խաչքարի տեղադրումը եկավ լրացնելու Հռոմում, Միլանում, Պադուայում, Բարիում և աշխարհի տարբեր անկյուններում գտնվող Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողների շարքը՝ որպես խոսուն վկա այն ոճրագործության, որ մեկուկես միլիոն անմեղ կյանք խլեց, նշել է նախագահը. «Նրանցից շատերն այդպես էլ շիրիմ չունեցան, և հենց այս է պատճառը, որ նման հուշարձանների առավել կարևոր առաքելությունը նրանում է, որ դրանք դառնում են նրանց հիշատակի յուրատեսակ հանգրվան: Իսկ այս խաչքարի խորհուրդն ավելին է, քանզի դրա բնօրինակը նույնպես անխնա ոչնչացվել է՝ Նախիջևանի մնացյալ խաչքարերի շարքում՝ զոհ գնալով Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ցեղասպանությանը: Այս հանցագործություններն ունեն մեկ նպատակ՝ ոչնչացնել հազարամյա մշակույթներ, ջնջել ժողովուրդների հիշողությունը։ Իսկ մարդկային հիշողությունը հավերժ է այնքան, քանի դեռ առկա են այդ հիշողությունը կրողներն ու փոխանցողները»:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև վաղը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից հայ հավատացյալների համար մատուցվելիք բացառիկ պատարագին ու դրա ընթացքում միջնադարյան մտքի հայ հանճար, Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» տիտղոսի շնորհմանը: Նշել, որ յուրաքանչյուր հայի համար այս տարին բացառիկ խորհուրդ ունի. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: «Սա հայ ժողովրդի և միջազգային հանրության համար կարևոր տարելից է ոչ միայն հետադարձ հայացք գցելու և պատմական փաստերը վերաիմաստավորելու, այլև նմանօրինակ հանցագործություններին «այլևս երբեք» ասելու համար: Այդ նպատակով մի քանի օրից՝ ապրիլի 24-ին, Երևանում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, Ծիծեռնակաբերդի բարձունքում, հայ ժողովրդի կողքին են կանգնելու աննախադեպ թվով օտարերկրյա բարձրաստիճան այրեր, այդ թվում՝ եվրոպական երկրների նախագահներ: Բարձր ենք գնահատում, որ Իտալիան և Սուրբ Աթոռը նույնպես միացել են այս արհավիրքի դեմ միջազգային պայքարին՝ ճանաչելով և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը», - ասել է նախագահը:

Նա նաև նշել է, որ պետք է համատեղ աշխատել՝ մշակութային կապերը համալրելով համագործակցության այլ ուղղություններով, օրինակ՝ զբոսաշրջության ոլորտի ծրագրերով, հատկապես որ Իտալիան հայ զբոսաշրջիկների այցելության առաջնային ուղղություններից է: Այս հարցում պետք է հետևել Նեապոլի մեծ զավակ և աշխարհահռչակ գիտնական Ջորդանո Բրունոյի խորհրդին. «Չկա այնպիսի բան, որ չհաղթահարվի աշխատանքով»։