12 ապրիլի 2015 - 17:52 AMT
Հռոմի պապի՝ «ցեղասպանություն» ասելուց հետո Անկարայում Վատիկանի դեսպանին կանչել են ԱԳՆ

Թուրքիան Անկարայում Վատիկանի դեսպանին Արտաքին գործերի նախարարություն է հրավիրել: Պատճառը Օսմանյան կասրությունում 100 տարի առաջ հայերի ջարդերի մասին խոսելիս Հռոմի պապի կողմից «ցեղասպանություն» բառը գործածելն է: Սպասվում է, որ Թուրքիան դեռ պաշտոնական հայտարարություն կտարածի, սակայն մինչ այդ դժգոհությունը կներկայացվի Վատիկանի դեսպանին, գրում է The Jerusalem Post-ը:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

Միջազգային գրեթե բոլոր առաջատար գործակալություններն ու այլ լրատվամիջոցները Breaking news ձևաչափում տարածել են այս փաստը, որոշները, օրինակ՝ AP-ն, հավելել են նաև, որ սա Թուրքիային հաստատ կբարկացնի: Բավականին ամբողջական անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

Իսկ մինչև պատարագը թուրքական կողմն ամեն կերպ փորձում էր խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: