14 ապրիլի 2015 - 11:43 AMT
Jerusalem Post. Օբաման չի ճանաչի Ցեղասպանությունը` վախենալով սադրել թուրք բռնապետին

Այս ամիս լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որը պաշտոնապես ճանաչելու խոստում տվեց, սակայն իր խոսքին այդպես էլ հավատարիմ չմնաց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Իսրայելական The Jerusalem Post պարբերականն այսպես է սկսել Հայոց ցեղասպանության մասին հոդվածը, իսկ հոդվածագիր Շմուլի Բոթիչը նշել է, որ «6 տարի անընդմեջ Ցեղասպանությունը ճանաչելու խոստումը դրժող Օբաման այդպես է վարվում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից մեկին` Թուրքիային չնեղացնելու համար»:

Նախագահ Օբաման չի ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը` վախենալով սադրել թուրք բռնապետին, մինչդեռ 2008-ին դեռ սենատոր Բարաք Օբաման ելույթ ունենալով ասել է «Հայոց ցեղասպանությունը ո՛չ պնդում է, ո՛չ սուբյեկտիվ կարծիք, ո՛չ էլ` տեսակետ, Հայոց ցեղասպանությունը հստակ պատմական փաստ է: Փաստերն անհերքելի են: Իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որը ստիպում է դիվանագետներին հերքել պատմական այդ փաստերը, ուղղակի անընդունելի է: Որպես նախագահ՝ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը», հոդվածից հատվածներ է մեջբերում Tert.am-ը:

Հոդվածագիրը նկատում է, որ այդ «պատմական» խոստումից անցել է 6 տարի, և նախագահը կարծես չի էլ գիտակցում, որ դրժել է այն: Ընդհակառակը, նա տարբեր առիթներով նշում է, որ պատմական փաստերի վերաբերյալ իր վերաբերմունքն ամենևին էլ չի փոխվել: Սակայն պատմական «փաստերի» մասին խոսելու փոխարեն նա ընդամենը պետք է նախագահական ուղերձում արտաբերի «ցեղասպանություն» եզրույթը, ինչից անընդհատ խուսափում է:

Ապրիլքսանչորսյան իր ուղերձներում Օբաման օգտագործում է «սպանդ», «եղեռն» բառերը` չօգտագործելով 1.5 մլն հայի հետ պատահած դժբախտությունը բնորոշող իրական եզրույթը` «ցեղասպանություն»: Մինչդեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել էր, թե մտադիր է «ԱՄՆ-ի համար լինել այն նախագահը, ով ճշմարտացիորեն կխոսի Հայոց ցեղասպանության մասին ու պատասխան կտա բոլոր ցեղասպանությունների համար»:

«Պարո՛ն նախագահ, մտադրությունները ոչինչ չարժեն, գործե՛լ է հարկավոր: Պահե՛ք Ձեր խոստումը, քանի որ 1.5 մլն հայ դրան է սպասում»,- Շմուլի Բոթիչն այսպիսի կոչով է եզրափակել իր հոդվածը: