14 ապրիլի 2015 - 14:24 AMT
Մայր Աթոռ. Հռոմի պապը Հայաստան կայցելի 2016-ին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան կայցելի 2016 թվականին: Հայկական կողմի հրավերում ժամկետ և Ցեղասպանության 100-րդ տարելիցին ներկա գտնվելու մասին նշված չէր, ուստի, Պապն այս առթիվ պատարագ է մատուցել, իսկ հաջորդ տարի կգա Հայաստան, այսօր՝ ապրիլի 14-ին ասուլիսի ժամանակ ասել է Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

«Վատիկանում Թուրքիայի դեսպանն էր վերջերս գլուխ գովել, թե կանխել է Պապի այցը Հայաստան և Ցեղասպանություն եզրույթի օգտագործումը: Բայց ի հեճուկս իրենց, Պապն աշխարհին էլ կոչ արեց ընդունել հայերի Ցեղասպանությունը, Հայաստան էլ կգա», - ասել է եպիսկոպոս Մանուկյանը, գրում է «Առավոտ»-ը:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

Միջազգային գրեթե բոլոր առաջատար գործակալություններն ու այլ լրատվամիջոցները Breaking news ձևաչափում տարածել են այս փաստը, որոշները, օրինակ՝ AP-ն, հավելել են նաև, որ սա Թուրքիային հաստատ կբարկացնի: Բավականին ամբողջական անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական էր. առաջին անգամ էր Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը:

Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան դեռ շարունակվում է՝ վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով:

Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։