Կոնվերս բանկի աշխատողներն ապրիլի 11-ին մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին: Օղակաձև զբոսայգու՝ Ալեք Մանուկյան փողոցի հատվածում բանկի աշխատակիցները տնկել են ավելի քան 50 սոսի:
Ծառատունկին մասնակցել են ինչպես Կոնվերս բանկի աշխատակիցները, այնպես էլ Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Արա Սադոյանը և Բանկի բարեկամ, դերասան և ռեժիսոր Միքայել Պողոսյանը:
«Երևանն առհասարակ սովոր է գեղեցիկ լինելուն, իսկ գեղեցկությունն առաջին հերթին կանաչապատումն է: Եվ եթե շատերը հեռանում են, մենք լրացնում ենք ծառերով: Միշտ պայքարել ենք, որ մեր քաղաքը պահպանի իր ավանդույթներն ու գեղեցկությունը: Դա ամեն մեկիս պարտքն է: Ինձ թվում է՝ բոլորիս համար շատ կարևոր օր է այսօր, երբ քո շնորհիվ քաղաքում մի ծառ ավելանում է»,- ասել է Միքայել Պողոսյանը:
Կոնվերս բանկը, լինելով Հայաստանի ամենահին բանկերից, իր գործունեության ընթացքում մշտապես մասնակցել է ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի բարելավմանն ուղղված ծրագրերին, իսկ 2014-ին որդեգրել է նորագույն տեխնոլոգիաների ներդրման ուղին՝ նպաստելով թղթի սպառման նվազեցմանն ու կանաչ տարածքների պահպանմանը: