14 ապրիլի 2015 - 21:57 AMT
Տիգրան Մարտիրոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն

Թբիլիսիում շարունակվող ծանրամարտի 2015-ի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը ոսկե մեդալ է նվաճել՝ այդպիսով դառնալով Եվրոպայի եռակի չեմպիոն։

Այսօր` ապրիլի 14-ին, կայացել են տղամարդկանց 77 կգ քաշային կարգի մրցումները: Հայաստանը տվյալ քաշային կարգում ներկյացնում էին Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը,գրում է Tert.am-y:

Պոկում վարժությունում Անդր՝անիկ Կարապետյանը գլխավերևում պահեց 164 կիլոգրամը` նվաճելով փոքր ոսկին: Տիգրան Մարտիրոսյանը 160 կգ-ով փոքր արծաթե մեդալի արժանացավ:

Հրումում Անդրանիկ Կարապետյանը 186 կգ բարձրացրեց, Տիգրանը 2-րդ մոտեցումով 191 կիլոգրամը հրեց, իսկ ռուս մարզիկը ձախողեց 3-րդ մոտեցումը, ինչի արդյունքում ոսկե մեդալ բերեց Տիգրան Մարտիրոսյանին: Վերջնարդյունքով Անդրանիկ Կարապետյանը մեծ բրոնզե մեդալի է արժանացել:

Մարտիրոսյանը Հայաստանի բազմակի, աշխարհի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների չեմպիոն է, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

Մարզիկը 2003-ին դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, հաջորդ երկու տարիներին` չեմպիոն։ Նրան է պատկանում նաև աշխարհի երիիտասարդական առաջնության երկու ռեկորդ 69 կգ քաշային կարգում։

Մարտիրոսյանը 2007-ին Ստրասբուրգում երկամարտի 331 կգ արդյունքով դարձել է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների փոխչեմպիոն։ Հաջորդ տարի Եվրոպայի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ երկամարտի 346 կգ արդյունքով։

Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել 2008-ի ամառային օլիմպիական խաղերում։ Քսան տարեկանում դարձել է անկախ Հայաստանի պատմության ընթացքում Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ մեդալակիրը։

2009-ին Տիգրան Մարտիրոյանը փոխել է իր քաշային կարգը (69-ից` 77 կգ)։ Նույն տարիծանրամարտի աշխարհի առաջնությանը մարզիկը երկամարտի 370 կգ արդյունքով գրավել է երկրորդ տեղը։

2010-ին նա հաղթանակ է տարել Եվրոպայի առաջնությունում։ Այդ տարի Անթալիայում աշխարհի առաջնությանը Մարտիրոսյանը դարձել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Հայաստանի տարվա լավագույն մարզիկ ճանաչվել։

Հաջորդ տարի Փարիզում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությանը ուսի վնասվածքի պատճառով նա չկարողացավ պահպանել չեմպիոնական տիտղոսը` գրավելով չորրորդ տեղը։

2012-ին ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում նա ոսկու ամենամեծ հավակնորդն էր, բայց մեջքի վնասվածքի պատճառով խաղերից մի քանի օր առաջ հրաժարվեց մասնակցությունից։