15 ապրիլի 2015 - 11:59 AMT
Չիլիի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Ապրիլի 14-ին Չիլիի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել` համերաշխություն հայտնելով հայ ժողովրդի հետ և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես գրում է Prensa Armenia-ն, փաստաթղթին կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ` 1-ը, երեքը ձեռնպահ են մնացել:

Բանաձևը, մասնավորապես, կոչ է անում.

«Համերաշխություն հայտնել հայ ժողովրդին` դատապարտելով այդ ժողովրդի Ցեղասպանությունը, որը սկսվել է 1915-ին, Դիմել Չիլիի կառավարությանը` կոչ անելով հավատարիմ մնալ ՄԱԿ-ի 1985 թ. բանաձևին»:

Փաստաթղթում ասվում է նաև, որ 1915-ի ապրիլի 24-ին սկիզբ դրվեց Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից առանց դատ ու դատաստանի հայերի բնաջնջման սիստեմատիկ քաղաքականությանը: Ողբերգությունը, որը 1,5 հայերի կյանք խլեց, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր:

Չիլիի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռևս 2007-ին, այս բանաձևը վերահաստատում է այն:

Չիլիի պատգամավորների պալատի սույն որոշումը ամբողջացնում է Չիլիի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները ապրիլի 14-ին հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու իր համերաշխությունը հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Հանդիպմանը ներկա են եղել Արգենտինայի արդարադատության նախարար ու Մարդու իրավունքների պաշտպան Խուլիո Ալակը, եպիսկոպոս Քիսագ Մուրադյանը, Հայ առաքելական եկեղեցու մի շարք այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հարավային Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներ և որոշ հայտնի հայազգի գործարարներ, որոնց թվում եղել է նաև Էդուարդո Էռնեկյանը:

Քիրշների` հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախորդել էր Թուրքիայի` եվրոպական հարցերով նախարար Վոլքան Բոզքըրի այն արտահայտությունը, թե իբր «ոչ միայն Հռոմի պապի, այլև բոլոր արգենտինացիների ուղեղը լվացել են հարուստ ու ազդեցիկ հայերը»:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

Միջազգային գրեթե բոլոր առաջատար գործակալություններն ու այլ լրատվամիջոցները Breaking news ձևաչափում տարածել են այս փաստը, որոշները, օրինակ՝ AP-ն, հավելել են նաև, որ սա Թուրքիային հաստատ կբարկացնի: Բավականին ամբողջական անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական էր. առաջին անգամ էր Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան դեռ շարունակվում է՝ վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով:

Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք: