16 ապրիլի 2015 - 10:46 AMT
Washington Post. Թուրքերը 1915-ին վերակենդանացրին իսպանական ինկվիզիցիայի կտտանքի մեթոդները

Washington Post-ի մեկնաբանություն բաժնում Նյու Ջերսիի Բեթ Ամ տաճարի հոգևոր առաջնորդ ռաբի Ջեֆրի Սալկինը գրում է, որ այս ամիս լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

«Այո, ցեղասպանության: Հենց այդպես է վերջերս բնութագրել Հռոմի պապը, ի հիասթափություն թուրքական կառավարության, որը ետ է կանչել Վատիկանում իր դեսպանին:

Ավելին. Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ հայերի կոտորածը «ցեղասպանություն» անվանելը հավասարազոր է «իսլամաֆոբիայի»: Եվ հենց այս արտահայտությունն է հանդիսանում շաբաթվա՝ «իսլամաֆոբիայի մեղադրական խաղաքարտի ամենաանպատասխանատու շահարկման» մրցանակակիրը»:

Հեղինակն այնուհետև հարց է բարձրացնում՝ ինչու հրեաները պետք է խոսեն դրա մասին. «Քանի որ հայերին նայելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես թե հայելու մեջ ենք նայում», հայտնում է Panorama. am-ը:

«Ինչպես հրեաները, հայերը նույնպես մարտահրավեր էին նետում Օսմանյան հասարակության հիերարխիային: Ինչպես հրեաները, նրանք նույնպես առավել կրթված, առավել հարուստ և առավել ուրբանիզացված էին: Ինչպես «հրեական հարցն» էր հաճախ քննարկվում Գերմանիայում, այնպես է թուրքերն էին քննարկում «Հայկական հարցը»: Թուրքական բանակը մեկ ու կես միլիոն հայ է սպանել: Երբեմն, թուրք զինվորները բռնի իսլամացնում էին հայ մանուկներին և երիտասարդ կանանց: Թուրքերը ուսումնասիրել էին իսպանական ինկվիզիցիայի վերաբերյալ նյութերը և վերակենդանացրել վերջինիս ժամանակ կիրառվող կտտանքի մեթոդները: Այնքան շատ հայ դիեր էին նետվել Եփրատ գետը, որ զորեղ գետը փոխել էր իր հունը»:

«Միայն 1915 թվականին The New York Times-ն հրապարակել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ 145 հոդված: Ամերիկյան հասարակությունը 100 միլիոն ԱՄՆ դոլարի դրամահավաք էր իրականացրել հայերին աջակցելու համար: Ակտիվիստները, քաղաքական գործիչները, կրոնական առաջնորդները, դիվանագետները, մտավորականները և հասարակ քաղաքացիները հանդես էին եկել միջամտության կոչերով, սակայն ոչինչ այդպես էլ տեղի չունեցավ»:

Զուգահեռներ անցկացնելով Հայոց ցեղասպանության և Հոլոքոսթի միջև՝ հեղինակը նշում է, որ հայկական աղետի բնույթը բոլորովին տարբեր էր. «Հրեաները սպանվել են Եվրոպայի տարբեր կետում, որտեղ բնակվում էին: Ի տարբերություն դրա, Հայաստանից դուրս հայերի համար առավել անվտանգ էր: Հակասեմականությունը խորը և լայն տարածում ունեցող բարոյական հիվանդություն է, սակայն աշխարհի հավաքական հոգեբանության մեջ «հակահայկականություն» ձևակերպում գոյություն չունի»:

Ջեֆրի Սալկինն ամփոփում է, որ «եթե հրեաները թույլ չտան, որպեսզի աշխարհը Հոլոքոսթը համեմատի այլ ցեղասպանությունների հետ, ապա դրա ազդեցությունն աշխարհում կարող է նվազել: Եվ երբ դա տեղի կունենա, հրեաները կվարակվեն բարոյական լարինգիտով՝ կորցնելով աշխարհին ճշմարտությունը հայտնելու իրենց կարողությունը»: