16 ապրիլի 2015 - 15:57 AMT
Ցեղասպանության հարցը Վրաստանի խորհրդարանում. Ադրբեջանցի պատգամավորների զգացմունքային արձագանքը

Հայոց ցեղասպանության փաստի հիշատակումը վրացական խորհրդարանում հերթական անգամ բուռն քննարկումների պատճառ է դաձել: Այս անգամ բանավեճը սկսվել է Ախալքալաքից ընտրված մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանի՝ երեկ հնչեցրած ելույթից հետո:

«Վստահ եմ, որ եթե ժամանակին Հայոց ցեղասպանությունը ճանաչվեր, աշխարհի տարբեր կետերում հնարավոր կլիներ խուսափել նմանատիպ ողբերգություններից: Այս հանցագործությունները չպետք է կրկնվեն աշխարհի և ոչ մի ազգի հետ: Կոչ եմ անում աշխարհի բոլոր ժողովրդավարական պետություններին, որտեղ Ցեղասպանությունը դեռ չի ճանաչվել, դիմել այդ քայլին: Հետագայում նման հանցագործությունները կանխելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի որպես պատմական փաստ», - հայտարարել է հայազգի պատգամավորը:

Ինչպես և կարելի էր ակնկալել, Վրաստանի խորհրդարանում ներկայացված ադրբեջանցի օրենսդիրները բավական կտրուկ ձևակերպումներով հակազդեցին ախալքալաքցի պատգամավորի հայտարարությանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Վրաստանի կողմից Ցեղասպանության ճանաչումը միանշանակորեն վատթարացնելու է հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի` Թուրքիայի հետ», - հայտարարել է իշխող «Վրացական երազանք» դաշինքի անդամ Մահիր Դարձիևը:

Ընդդիմադիր Ազգային միացյալ շարժման անդամ, Մառնեուլիից ընտրված մեծամասնական պատգամավոր Ազեր Սուլեյմանովի ելույթն անհամեմատ ավելի զգացմունքային էր:

«Ինչո՞ւ մենք չենք խոսում 1918 թվականի մարտին հայ դաշնակների և Կարմիր բանակի կողմից իրականացված ադրբեջանցիների ցեղասպանության մասին: Ինչո՞ւ ենք անտեսում 1992 թվականին Ադրբեջանում, Ղարաբաղում, Խոջալու քաղաքում տեղի ունեցած դեպքերը», - հայտարարել է Սուլեյմանովը:

Գրեթե ամեն տարի ապրիլի 24-ի շեմին Հայոց ցեղասպանության թեման վրացական խորհրդարանում բուռն քննարկումների ու վեճերի պատճառ է դառնում: Հիշարժան են հատկապես 2012 թվականի դեպքերը, երբ վրացի պատգամավորներից մեկի` Ջոնդի Բագատուրիայի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչից հետո ծեծկռտուք սկսվեց նրա և Մառնեուլին ներկայացնող պատգամավոր Ազեր Սուլեյմանովի միջև: Այն ժամանակ ադրբեջանցի պատգամավորը իր վրաց գործընկերոջը նույնիսկ խորհուրդ էր տվել փոխել ազգանունը` Բագատուրիայից դառնալով Բագատուրյան: Այս արտահայտության համար, ի դեպ, Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած քաղաքական ուժը նույն օրն իսկ խիստ նկատողության էր արժանացրել իր ադրբեջանցի անդամին: