17 ապրիլի 2015 - 10:42 AMT
Zaman. Գաուկը Գերմանիայի առաջին նախագահն է, որը կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և կանցլեր Անգելա Մերկելը չեն մասնակցի Թուրքիայում Դարդանելի (Չանաքքալե, Գալիպոլի) ռազմական գործողությունների 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Թուրքական ընդդիմադիր Zaman թերթի կայքը գրում է, որ նախագահ Գաուկը իր նախապատվությունը տվել է հայերին: Նա Բեռլինում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին և հանդես կգա ելույթով, հայտնում է Panorama.am-ը:

«Հետաքիքիր է՝ արդյո՞ք նախագահը 1915 թվականը բնորոշելու համար կարտաբերի «ցեղասպանություն» բառը»,- տարակուսում է Zaman-ը՝ հավելելով, որ Գաուկն Գերմանիայի առաջին նախագահն է, որ երբևէ մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման:

Նշվում է նաև, որ կանցլեր Անգելա Մերկելը զբաղվածության պատճառով չի մեկնի Թուրքիա, իսկ Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ նիստ կգումարվի: Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին կմասնակցի Գերմանիայի Եվրամիության հարցերով նախարար Մայքլ Ռոթը:

Ավելի վաղ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարեց, որ ԱՄՆ-ն կարող է ներկայացված չլինել Թուրքիայում կայանալիք Գալիպոլիի միջոցառումներին:

«Այս կամ այն միջոցառմանը ԱՄՆ պաշտոնատար անձանց մասնակցելու վերաբերյալ որոշումը կայացնում է պաշտոնական Վաշինգտոնը: Կարող եմ ասել միայն, որ քանի որ ԱՄՆ-ն այդ շրջանում չի մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, հնարավոր է, որ մեր երկիրը չմասնակցի Չանաքքալեի ճակատամարին նվիրված միջոցառումներին»,-ասել է Սեկուտան, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Անկարան պատրաստվում էր 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Մինչդեռ Թուրքիայում գործող 5 հասարակական կազմակերպություն համաշխարհային առաջնորդներին կոչ են արել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը չընդունել Էրդողանի հրավերը, այլ փոխարենը մեկնել Երևան:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին հրավիրվածների թիվը նվազել է 25-ով: Այդ թիվն այժմ նվազել է՝ հասնելով 77-ի: Ցանկից 25 երկիր է պակասել, սակայն Անկարան փորձում է ավելացնել մասնակցության թիվը։

Մինչդեռ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, անդրադառնալով ԱՄՆ պաշտոնական պատվիրակության հնարավոր այցին Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, հայտարարեց, որ Վաշինգտոնն անպայման պաշտոնապես ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում: Դեսպանը հավելել է նաև, որ պատվիրակության անդամներին անձամբ նախագահ Օբաման է ընտրելու: