17 ապրիլի 2015 - 11:08 AMT
Հայուհին` Time-ի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում. Առաջինը Քանյե Ուեսթն է

Time հանդեսի ավանդական 100 ամենաազդեցիկ մարդկանց այս տարվա ցուցակում է նաև կանադահայ բլոգեր և հրապարակախոս Անիտա Սարգսյանը:

Սարգսյանը հայտնի էր դարձել 2012-ին, երբ 150.000 դոլարի դրամահավաք էր կազմակերպել` տեսախաղերում կանանց ներկայացվածությունը հանրային քննարկման առարկա դարձնելու համար, հայտնում է Tert.am-ը:

Դրանից հետո նա դարձել էր նաև սպառնալիքների թիրախ. Սարգսյանին սպառնացել էին բռնաբարել, սպանել, իսկ Wikipedia-ում նրա էջը պոռնոգրաֆիկ վանդալիզմի թիրախ էր դարձել: Չնայած այս ամենին, արձանագրում է Time-ը իր անդրադարձում, Անիտան տեղի չի տվել. նա շարունակում է խոսել տեսախաղերում և մեդիայում կնոջ դերի մասին: Աղբյուրը նրան թվային դարի ֆեմինիզմի առաջամարտիկ է անվանում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Time հեղինակավոր հանդեսը հրապարակել է 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, որը այս անգամ գլխավորում է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը: Այլ հանրահայտ անձանցից 100 ամենաազդեցիկների ցուցակում են դերասան Բրեդլի Քուփերը, երգչուհի Թեյլոր Սվիֆթը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, դերասանուհիներ Ռիզ Ուիզերսփունը, Ջուլիան Մուրը, Էմմա Ուոթսոնը և այլոք:

Քիմի կտրվածքով հանդեսի հոդվածագիրը գրում է, որ նա էկզոտիկ գեղեցկություն ունի, արտացոլում է վճռականություն, սեքսուալություն, եռանդ ու երջանկություն, իսկ իր հարազատների հետ կարողացել է ընդլայնել բուն ընտանիք հասկացությունը: Քիմ Քարդաշյանը նաև «մեդիաֆենոմեն» է անվանվում:

Նշենք, որ ցուցակի «առաջնորդներ» խմբում ընդգրկված է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Պարբերականը նրան անվանում է «երկաթե մարդ» և նշում, որ «Պուտինն այդ տեղը գրավում է Արևմուտքին դիմակայելու շնորհիվ»: