17 ապրիլի 2015 - 12:55 AMT
Ադրբեջանն ամրացնում է պաշտպանական բնագիծը՝ գիտակցելով, որ հայկական կողմը ևս կարող է հարձակվել

Բնական է, որ սառեցված, թեժացող, իսկ մեր պարագայում նաև` դանդաղ պատերազմի մեջ գտնող հակամարտության կողմերը պարբերաբար կահավորում են իրենց պաշտպանական բնագիծը, ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ադրբեջանական զինուժն այս օրերին Հայաստանի հետ սահմանի երկայնքով ինժեներական ամրացման աշխատանքներ է կատարում:

«Մենք էլ, իրենք էլ իրենց պաշտպանական բնագծի ինժեներական կահավորումը մշտապես կատարում ենք, հագեցնում, սա մշտական պրոցես է, հակամարտության տրամաբանություն դա է հուշում»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը, գրում է Tert.am-ը:

«Հայկական ժամանակը» գրել էր, որ նման աշխատանքներ են իրականացվում հայ-ադրբեջանական շփման գծի Երասխ-Սադարակ հատվածում, իսկ Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանից էլ տեղեկացրել են, որ նման աշխատանքներ են ընթանում նաև Կայան-Ղազախ հատվածում:

Ռազմական որոշ մասնագետների պնդմամբ` իրականում սա նշանակում է, որ Ադրբեջանը նման քայլերի դիմելով` սկսել է գիտակցել, որ հայկական կողմն էլ կարող է հարձակվել: Բանն այն է, որ երբ հայկական կողմը տարիներ շարունակ նման ինժեներական պատնեշներ էր կառուցում, Ադրբեջանը դա չէր անում` մեծամտորեն որևէ հարձակման չսպասելով ՀՀ զինուժից: