Կրեմլում չեն բացառում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում կարող է հանդիպում ունենալ իր ֆրանսիացի պաշտոնակից Ֆրանսուա Օլանդի հետ:
«Պուտինն ու Օլանդը նույն օրերին կլինեն Երևանում, ուստի չի բացառվում նրանց շփումը հայկական կողմի նախապատրաստած ծրագրի շրջանակում»,-ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ապրիլի 9-ին Պեսկովը հայտնեց, որ ապրիլի 24-ի Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին ՌԴ նախագահի մասնակցության հարցը քննարկվում է:
Նույն օրը Թուրքիայում տեղի կունենան Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ: «ՌԴ-ն ներկայացված կլինի բարձր մակարդակով» ասել է Պեսկովը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թուրքիա կմեկնի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:
Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը ապրիլի 15-ին հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահը Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին կլինի Երևանում: «Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ին կմեկնի Երևան` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-ասել է նա: