17 ապրիլի 2015 - 16:08 AMT
ԵԽ նախագահն «արդարացել է» Դավութօղլուի առջև. Ներկա չի եղել Ցեղասպանության մասին բանաձևի ընդունման նիստին

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ «հասկանում է» Անկարայի արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԵԽ բանաձևի ընդունմանը: Այդ մասին ապրիլի 17-ին հայտարարել է TRT հեռուստաալիքը վարչապետին մոտ աղբյուրի վրա հղումով:

Շուլցը հայտնել է Դավութօղլուին, որ 1915-ի իրադարձություններին վերաբերող բանաձևն ընդունվել է Եվրախորհրդարանի նիստում, որին ինքը ներկա չի գտնվել: Դավութօղլուն իր հերթին հայտարարել է Շուլցին, որ Թուրքիան մերժում է Եվրախորհրդարանի այդ բանաձևը «որպես չհիմնավորված, որը ոչ միայն կարող է վնասել Թուրքիայի ու ԵՄ հարաբերություններին, այլ նաև կարող է բացասաբար անդրադառնալ Թուրքիայի ու Հայաստանի միջև կամուրջների հաստատմանն ուղղված ջանքերի վրա»:

Թուրքիայի վարչապետն առաջարկել է եվրոպական երկրներին «երկխոսության կոչով Հայաստանին ու հայկական սփյուռքին դիմել»: Նա հիշեցրել է, որ «1915 թ. իրադարձությունների ուսումնասիրման պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկն արձագանք չունեցավ հայկական կողմից»:

«Իրական իրադարձությունների ուսումնասիրությունն ու փոխզիջումն արդար պատմական հիշողության հիման վրա հնարավոր են միայն այս հարցի վերաբերյալ համատեղ ջանքերի խթանման դեպքում»,-մեջբերում է հեռուստաալիքը Դավութօլղուի խոսքերը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:

Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:

Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը դեռ 1987 թվականին։ 2015 թվականի մարտի 13–ի մեկ այլ բանաձևով Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: