17 ապրիլի 2015 - 16:41 AMT
ԵՄ-ն հանձնառու է շարունակել հարաբերությունները Հայաստանի հետ

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 17-ին կազմակերպել էր է խորհրդարանական լսումներ՝ «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մինչ նիստի սկիզբը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու համար:

Ելույթի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ով նշեց, որ մայիսի 21-22 Ռիգայում սպասվող Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ ԵՄ-ն շահագրգիռ է զարգացնել երկկողմ հարաբերությունները ՀՀ-ի հետ, և չնայած աշխարհաքաղաքական մարտահրավերներին՝ Արևելյան գործընկերության՝ ԱլԳ-ի ներդրումը մնալու է ԵՄ քաղաքականության հիմքում:

«ԵՄ-ն կոնկրետ գաղափարներ է ներկայացրել յուրաքանչյուր երկրի համար, և նպատակը հետևյալն է՝ առանձնահատուկ հարաբերություներ ունենալ ԵՄ-ի հետ»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ չնայած ՀՀ-ն որպես ինքնիշխան պետություն կայացրել է իր որոշումը՝ անդամակցելով ԵՏՄ-ին, սակայն ԵՄ-ն հանձնառու է դրանից հետո շարունակել հարաբերությունները ՀՀ-ի հետ՝ ԱլԳ-ի շրջանակներում, բոլոր այն ոլորտներում, որոնք համատեղելի են ՀՀ-ի նոր ընտրության հետ:

«Մենք մանդատ ենք նախատեսել ապագա համագործակցության համար, շուտով այդ մանդատը կհաստատվի։ Թե ինչպիսին կլինի ժամանակացույցը, ներկայումս դժվար է կանխատեսել, մենք հուսով ենք, որ այդ գաղափարների փոխկապակցումը կլինի և դրանից հետո Ռիգայի համար կներկայացնենք և խորհրդակցություններ կանենք ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի վերաբերյալ»,-ասաց նա:

Հրիսթեան ներկայացրեց նաև Եվրոպական հարևանության հրապարակած 2014 թ զեկույցը՝ ընդգծելով, որ Հայաստանը որոշ սահմանափակ առաջընթաց է ունեցել, սակայն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Հայաստանը դեռ, մեղմ ասած, առաջընթաց չունի:

«ԵՄ-ն ու ՀՀ-ն արդեն իսկ հուշագիր են ստորագրել. այդ աջակցությունը նախատեսում է ապագա համագործակցության հիմքերը, և 140-170 միլիոն եվրո գումար ենք տրամադրել։ Միայն 90 միլիոն եվրո տրամադրել ենք երկկողմ հարաբերությունների համար, տրամադրել ենք մասնավոր հատվածի զարգացման աջակցության և մարդու իրավունքներին աջակցելու համար»,-նշեց նա, հայտնում է Tert.am-ը:

«Համոզված եմ, որ Ռիգայի գագաթնաժողովը հաստատելու է ԵՄ-ի հանձնառությունը, որ Արևելյան գործընկերությունը մեր առաջնային խնդիրն է մնում՝ ավելի սերտ, տարբերակված հարաբերություններ հաստատել ինքնիշխան և անկախ Արևելյան գործընկեր երկրների հետ, բոլոր վեց պետությունների՝ ինչպիսին էլ լինի նրանց հավակնությունների մակարդակը»,-ասաց նա:

«Վիլնյուսից հետո զարգացումները մարտահրավեր են աշխարհաքաղաքականության շրջանակում, սակայն Արևելյան գործընկերության ներդրումը որպես քաղաքականություն կա և մնալու է ԵՄ քաղաքականության հիմքում»,-եզրափակեց նա:

Ավելի վաղ Եվրոպական քաղաքականության հետազոտության կենտրոնի (Centre for European Policy Studies) ավագ փորձագետ, «ԵՄ արտաքին քաղաքականություն» և «քաղաքականություն ու հաստատություններ» միությունների ղեկավար Սթիվեն Բլոքմանսը հայտարարեց, որ այաստանն ամենաբարձր քաղաքական մակարդակով շարունակում է մասնակցել «Արևելյան գործընկերություն» բազմակողմ կառույցների աշխատանքին:

«ՀՀ-ԵՄ համագործակցության խորհուրդը շարունակում է իր գործունեությունը, այն հարթակ է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, Արևելյան հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների հարցով հանձնակատար Յոհանես Հանի բանակցությունների համար»,- նշել է Ս.Բլոքմանսը:

Անդրադառնալով Ռիգայում մայիսի 21-22-ին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին բանախոսը նշել է, որ այս պահին դժվար է կանխատեսել, թե որքանով կհաջողվի «փրկել Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը՝ «արդեն հնացած Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը փոխելու փոխարեն»:

«Այս տարի մայիսի 21-22-ին կայանալիք Ռիգայի գագաթաժողովին վիզային ռեժիմի ազատականացումն ու Հայաստանի կողմից «Հորիզոն 2020» քաղաքացիական ավիացիայի համաձայնագրի ստորագրումը միակ սպասելիքներն են»,-շեշտել է Ս.Բլոքմանսը:

Փորձագետի կարծիքով, Հարավային Կովկասում ԵՄ ռազմավարական և տնտեսական շահերը, անկախ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունից, դեռևս մնում են անփոփոխ: Այնուամենայնիվ, ըստ Ս. Բլոքմանսի, տարածաշրջանում և Սև ծովում Կրեմլի վարած քաղաքանությունը կարող է փոփոխել Բյուսելի հնարավոր քայլերը:

Բանախոսի կարծիքով, այնուհանդերձ Ուկրաինայում գրանցած ֆիասոկոյի և Արևելյան գործընկերության` Վիլնյուսի գագաթնաժողովի անհաջողությունից հետո ԵՄ-ն ցանկացած պարագայում շահագրգռված է գործընկերության բոլոր երկրների հետ երկխոսության պահպանման մեջ:

Ավելի վաղ Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի գծով պատասխանատու Անդրեյ Դիդենկոն, անդրադառնալով ԵՄ «Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը 2014 թվականին» մարտի 25-ին հրապարակված զեկույցին, հայտարարել է, որ զեկույցում անդրադարձ է եղել Հայաստանին, ինչպես նաև ներկայացվել են մի շարք խնդիրներ, որ առկա են երկրում: Անդրադառնալով զեկույցում արծարծված հարցերին՝ նա նշել է, որ քննարկումը վերաբերում էր ոչ թե զուտ քաղաքական, կամ տնտեսական հարցերին, այլ շոշափում էր հարցերի ողջ սպեկտրը ԵՄ գործողությունների ծրագրի իրագործմանն ուղղված ոլորտներին: Մասնավորապես, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ: Հայաստանին վերաբերվող բաժնում ներկայացված են 2014-ին բարեփոխումների իրականացման ջանքերն ու հիմնական զարգացումները, ինչպես նաև առաջարկներ կան հաջորդ տարվա համար՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին, ասել է Դիդենկոն՝ նշելով, որ ՀՀ անդամակցումը ԵՏՄ-ին նոր իրավիճակ է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

Չնայած, որ Հայաստանը չի ստորագրել ԵՄ հետ որևէ փաստաթուղթ Առևտրի ազատ գոտու ստեղծման մասին, կողմերը շարունակել են քննարկել ՀՀ-ԵՄ հարաբերությունները քաղաքական և տնտեսական հարթակներում, որոնք չեն խախտում միջազգային պայմանավորվածությունները:

«Մարտի սկզբին հետագա գոծակցության շրջանակների ուրվագծման աշխատանքներն ավարտվեցին: Եվրահանձնաժողովը պետք է մանդատ տրամադրի ԵՄ անդամ երկրներին Հայաստանի հետ բանակցելու համար: Հուսով ենք, որ բանակցությունների արդյունքները կարտացոլվեն Ռիգայի գագաթնաժողովի փաստաթղթում»,-ասել է Դիդենկոն:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

2015-ի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ: