20 ապրիլի 2015 - 13:21 AMT
Ազնավուր. Քրիստոնյաների հետապնդումը կապ ունի Հայոց ցեղասպանության հետ` անպատժելիությունը վատ օրինակ է ծառայում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը առիթ հանդիսացավ ֆրանսիական մամուլի համար վերադառնալու այդ ողբերգական իրադարձությունների վերաիմաստավորմանը: Parisien-ը հարցազրույցների շարք է հրապարակել ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ: Նրանցից շատերը շարունակում են ապրել Թուրքիայում` բռնի մահմեդականացումից հետո: Le Mond-ը հրապարակել է Շառլ Ազնավուրի խոսքը «Հայերի մենության 100 տարին» վերտառությամբ, գրում է Ru.rfi.fr-ն:

«Այո, ես այդ ժողովրդի մի մասնիկն եմ, որի զոհերը շիրիմներ չունեցան»,-այսպես է սկսվում մեծ շանսոնյեի խոսքը, որն անցյալ տարի դարձավ 90 տարեկան: Հոդվածը սկսվում է թուրքական ժխտողականության փաստումից. «երկար տարիներ այդ զանգվածային սպանդը պատված էր մոռացության ավազով և միայն 1980-ականներին աշխարհի երկրները քիչ-քիչ սկսեցին 1,5 միլիոն հայերի կոտորածը որպես XX դարի առաջին ցեղասպանություն ճանաչել»:

Այն մասին, թե ինչպես է դա տեղի ունեցել երգիչը խոսում է երաժշտական եզրույթներով` mezza voce: Նա, ով բոլորից լավ է տարբերում ձայների բոլոր հնչերանգները (Time և CNN համատեղ հարցման արդյունքում Ազնավուրը 1998-ին ճանաչվեց XX դարի լավագույն էստրադային կատարող) բացատրում է, թե ինչ է նշանակում այդ կիսաճանաչումը:

Առաջին հերթին այն, որ հետապնդումները շարունակվում են: Ազնավուրը բերում է 100-ամյա վաղեմության և վերջին տարիների փաստերը: Դա և Թուրքիայի հրաժարվելն էր հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից, որոնք ստորագրվեցին 2009 թ. և դրա շաղկապումը ղարաբաղյան հարցի հետ: Դա և ջիհադականների հարձակումն էր Սիրիայի հայաբնակ Քեսաբի վրա, ոչ հեռու Թուրքիայի հետ սահմանից, «որտեղ ամեն ինչ մատնանշում է, որ այդ գործողությունները չէին կարող կատարվել առանց Անկարայի թույլտվության»: Դա Դեր էզ Զորի հուշահամալիրի քանդումն էր, որտեղ հազարավոր հայեր են զոհվել համակենտրոնացման ճամբարներում: 2014-ի սեպտեմբորի 18-ին այն պայթեցրին «Իսլամական պետության» ահաբեկիչները: Ազնավուրն անդրադառնում է արևելյան քրիստոնյաների սպանություններին, եզդիների ողբերգությանը: «Այդ ամենը կապված է հայերի ցեղասպանության հետ, անպատժելիությունը վատ օրինակ է ծառայում»,-եզրակացնում է նա:

Հայտնի երգիչն ու երգահանը հիշում է սեփական մանկությւնը, ծնողների պատմությունները, որոնց ընտանիքներին հաջողվել է մազապուրծ լինել թուրքերի հալածանքներից ու հաստատվել Ֆրանսիայում: «Ինձ չեն դաստիարակել ատելության մեջ, ես չարացած չեմ թուրք ժողովրդի հանդեպ, նրանց անտեղյակության մեջ են դաստիարակել։ Ես գիտեմ, որ նրանք մի օր կբացեն աչքերը և կպահանջեն իրենց ղեկավարներից հաշիվ տալ իրենց ստի և սեփական պատմությունը չիմանալու համար»,- ասել է Ազնավուրը: Մեջբերում անելով Նազիմ Հիքմեթից` Ազնավուրը նկատում է, որ դա ոչ մի կապ չունի գլուխն ավազի մեջ թաղելու հետ, այլ ենթադրում է առերեսում սեփական պատմության հետ:

Իր մասին շանսոնյեն համեստորեն նշում է, որ իրեն իրավունք չի վերապահում դասեր տալու որևէ մեկին, և հարցն էլ Թուրքիայի մեղքը մատնանշելը չէ: «Բայց հանգուցյալներն անպաշտպան են, նրանց հիշատակն ու արժանապատվությունը հարգելը ողջերի գործն է: Որպեսզի նրանց ողբերգության ժխտումը չսպանի նրանց երկրորդ անգամ»:

Ազնավուրը հիշում է երկրորդ համաշխարհայինի տարիները, երբ իր ծնողների տանը հավաքվում էին Դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանն ու ընկերները: Նա մեջբերում է գնդակահարությունից առաջ կնոջը գրած Մանուշյանի վերջին նամակի տողերը. «Ես մեռնում եմ առանց ատելության գերմանացի ժողովրդի հանդեպ»:

Վերջում կրկին դառնալով ներկա իրավիճակին Ազնավուրն ասում է թուրքական իշխանությունների մասին. «100 տարի անց արգանդը, որտեղից դուրս է եկել վայրագ գազանը, դեռևս բեղմնավոր է»,- ասում է նա՝ մեջբերելով Բրեխտին: 1915-ից մինչև 2014-ը քիչ բան է փոխվել, դառնությամբ նշում է հեղինակը: Եվ հանդիմանում է մեծ տերություններին, որոնք սովոր են «բարոյականությունը ենթարկել սեփական շահերին»: Նրանք են պատասխանատու, որ նման աղետները կրկնվում են նորից ու նորից: Մեր օրերում զենք վաճառողները դարձել են ադրբեջանական նավթային բռնատիրության լավագույն բարեկամները»,-ասել է Ազնավուրը:

«Սակայն ես կցանկանայի ավարտել լավատեսական նոտայով»,-ասում է Ազնավուրը` հիշեցնելով որ, համաձայն հարցման, 18-22 տարեկան թուրք երիտասարդության մոտ 33%-ը դրական է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչումը` երկրում գործող տաբուի պայմաններում: «Նշանակում է հույս կա, որ մի օր աշխարհի այդ տարածաշրջանը նման կլինի Ազնավուրի ընտանիքին, որտեղ կան քրիստոնյաներ, հրեաներ և մահմեդականներ, և նրանցից յուրաքանչյուրին ես միանման շատ եմ սիրում»,- եզրափակում է Ազնավուրը։