21 ապրիլի 2015 - 14:10 AMT
Ազնավուր. Հռոմի պապն այն եզակի մարդկանցից է, որոնք առանց վարանելու ասում են ճշմարտությունը

Հանրաճանաչ շանսոնյե, երգահան, գրող, բանաստեղծ և դերասան Շառլ Ազնավուրն ապրիլի 20-ին Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում պատասխանել է Վլադիմիր Պոզների հարցերին:

«Ես ապրում եմ նորմալ կյանքով, ես լավատես եմ, ոչ մի բանի համար չեմ մտահոգվում,-այսպես է պատասխանել Շառլ Ազնավուրն իր երկարակեցության գաղտնիքի մասին հարցին:- Ես չգիտեմ` արդյոք հավատում եմ Աստծուն, բայց կարծում եմ, որ նա, ում Աստված են կոչում, կարող է մեզ տալ այն ամենն, ինչ անհրաժեշտ է»:

Ազնավուրը խոստովանել է, որ հատուկ սննդակարգ չունի. «Գիտեմ, որ պետք չէ աղ ուտել, շաքար, յուղոտ բաներ…Ես այդ ամենն ուտում եմ»:

Երգիչը նաև հայտարարել է, որ չի զբաղվում սպորտով, սակայն միշտ աշխատել է ուղիղ կեցվածք ունենալ. «Երբ կորացած մեջքով ես քայլում, սկսում ես ոտքերդ քարշ տալ, և հետո միշտ պետք է այնպիսի տպավորություն գործես, որ քեզ մոտ ամեն ինչ լավ է: Դա շատ կարևոր է, չէ որ դու ոգեշնչում ես ոչ միայն ուրիշներին, այլ նաև ինքդ քեզ»: Ըստ Ազնավուրի, նա «չգիտի», թե որտեղից է ուժ վերցնում. «Ես ուղղակի հաջողակ եմ, կան անհաջողակ մարդիկ, որոնք այդպիսին են ի ծնե, իսկ ես անհաջողակի հակապատկերն եմ»: Շանսոնյեն հավելել է, որ իրեն հատուկ է կասկածելը, «սակայն դա չի բարդացնում կյանքը, հակառակը»:

«Երբ դու գիտես, որ կարող է ցանկացած դժբախտություն պատահել, հանգիստ ես ու պատրաստ աշխատելու, այն հաղթահարելու համար,-պարզաբանել է նա: -Իսկ նա, ով ի սկզբանե չգիտի, որ դժբախտություններ գոյություն ունեն, դժբախտության դեպքում արդեն նախապես է մեռնում»:

Շառլ Ազնավուրը ասել է, որ ապրիլի 24-ին անպայման Երևանում է լինելու` մասնակցելու Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցի միջոցառումներին: «Չի կարելի անտեսել այն, ինչ տեղի է ունեցել: Թուրքերին պետք է ասել, որ ժամանակն է ճշմարտությունն ասել»:

Ըստ երգչի, թուրքերը հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը երկու պատճառով. «Նրանք չեն կարողանում ընդունել դա որպես փաստ, քանի որ նրանց գլխավոր բառը պատիվն է, դա կարելի է հասկանալ: Սակայն մի բան էլ կա. մարդիկ շատ հարստացան, յուրացնելով այն ամենն, ինչ պատկանում էր հայերին»: Ազնավուրը պատմել է, որ ինքն անձամբ ատելություն չի զգում թուրքերի հանդեպ, մայրն է այդպես սովորեցրել, որը ցեղասպանության ժամանակ կորցրել է ընտանիքի բոլոր անդամներին. «Մայրս ատելություն չուներ թուրքերի հանդեպ, նա միշտ ասում էր, որ թուրքերի մեջ էլ լավ մարդիկ կան»:

Նա բարձր է գնահատել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին: «Հռոմի պապն այն եզակի մարդկանցից է, որոնք ճշմարտությունն են ասում ու սատարում են ճշմարտությանը անկախ ամեն ինչից, ոչ մի բանից չվախենալով»,-ասել է Ազնավուրը, հայտնում է Panorama.am-ը:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական էր. առաջին անգամ էր Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան դեռ շարունակվում է՝ վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով:

Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք: