21 ապրիլի 2015 - 16:36 AMT
Հակառակորդը հերթական դիվերսիոն փորձն է ձեռնարկել, բայց հետ է շպրտվել

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը` ժամը 05:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ ուժերը ժամանակին հայտնաբերելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջացումը, անցել են շրջանաձև պաշտպանության և մերձամարտի բռնվել նրա հետ: Մոտ քառորդ ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդը դեպքի վայրում է թողել արյան բազմաթիվ հետքեր, 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի մեկ արկ, 5 դատարկ պահունակ, հատուկ դիպուկահար հրացանի («Վինտարեզի») 1 պահունակ` 4 փամփուշտով, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և ճողոպրել իր ելման դիրքերը:

Ըստ հավաստի տեղեկությունների, ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ և վիրավորներ, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ դիրքապահ ուժերը կորուստներ չեն ունեցել:

Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար:

Վերջին դիվերսիաներից մեկը մարտի 19-ին էր՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մոտ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ էր շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել էին ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը, Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայող վիրավորվել են: Վիրավորները հոսպիտալացվել են: Մարտի 26-ին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացել էր ծանր վիրավորված Սամվել Հակոբյանը: