21 ապրիլի 2015 - 17:37 AMT
«Վերջապես Ճանաչում». Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքային խմբի հայտարարությունը

Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքային խումբը, արձագանքելով Դաշնային կառավարության խոսնակի հայտարարությանը, այսօր՝ ապրիլի 21-ին «Վերջապես Ճանաչում» վերտառությամբ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է.

«Թեթևության, երախտագիտության և հույսի զգացումով մենք երեկ իմացանք, որ Գերմանիայի խորհրդարանը 2015-ի ապրիլի 24-ին քվեարկության է դնելու իշխող կոալիցիայի կողմից առաջադրված բանաձևը. այս բանաձևը վերջապես Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը անվանում է Ցեղասպանություն:

Գերմանիայի կառավարությունը շրջադարձ կկատարի Հայոց ցեղասպանության առնչությամբ հենց «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու իր տևական դիրքորոշումից, ապրիլի 20-ին գրել է Reuters-ը` վկայակոչելով Անգելա Մերկելի խոսնակին: Կանցլեր Մերկելի խոսնակ Շտեֆան Զիբերթի խոսքով` կառավարությունը կսատարի բանաձևը, որը կներկայացվի ուրբաթ օրը, և որով Հայոց ցեղասպանությունը կանվանվի ցեղասպանության օրինակ: Այս կերպ Գերմանիան կմիանա այն երկրների, կազմակերպությունների ու անհատների թվին, որոնց թվում են Ֆրանսիան, Եվրախորհրդարանը, Հոռմի պապը, որոնք կատարվածը ցեղասպանություն են որակում: Գերմանիան «շրջադարձ» կկատարի` իր գլխավոր առևտրային գործընկեր Թուրքիայի նկատմամբ հարաբերություններից, Գերմանիան, որտեղ նաև միլիոնավոր թուրքեր են բնակվում:

Որոշելով օգտագործել միակ պատշաճ և իրավաբանորեն ճշգրիտ այս տերմինը՝ երկու իշխող կուսակցությունները վերջ են դնում իրենց տասնամյակների լռությանն ու այս հարցի անտեսմանը, և ուղի են հարթում Գերմանիայում ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար», գրում է Panorama.am-ը:

Աշխատանքային խմբի անդամները հույս են հայտնել, որ Գերմանիայի օրենսդրական մարմնի որոշման տեքստը կներառի նաև հայերի հետ զոհված այլ խմբերին՝ փորձագետների հաշվարկներով ավելի քան մեկ միլիոն հույն ուղղափառ քրիստոնյաներին, ովքեր Օսմանյան Կայսրության քաղաքացիներ էին և ովքեր ցեղասպանության էին ենթարկվել առաջին համաշխարհային պատերազմից առաջ, հետո և ընթացքում:

«Մենք կգերադասեինք, որ Բունդեսթագը Ցեղասպանությունը ճանաչող որոշում ընդունած լիներ 15 տարի առաջ, երբ գերմանական քաղաքացիական հասարակությունը զանգվածային խնդրագիր էր ներկայացրել Բունդեսթագին ցեղասպանությունը ճանաչելու կոչով»,- նշել են հայտարարության մեջ և ավելացրել, որ հետաձգման արդյունքում հիշողության քաղաքականության մեջ համապատասխան խնդիրներ, մասնավորապես՝ դպրոցական և արտադասարանային կրթության մեջ ցեղասպանության իրազեկման խնդիրը, մնացին անտեսված: Դրա արդյունքում Գերմանիան դարձել է Թուրքիայի ժխտողական պետական թեզերի էքսկլավը: Նմանապես, այս հետաձգման արդյունքում Հայաստանում և Թուրքիայում ծնված ներգաղթյալների համայնքների՝ Գերմանիայի իրենց բնակավայրերում հուշահամալիրներ կառուցելու փորձերը բազմիցս տապալվել են: Ինչպես ցույց տվեցին Գյութերսլոո, Լեեր և Քյոլն քաղաքների վերջին օրինակները՝ այսպիսի նախաձեռնությունները ձախողվում են տեղական իշխանություններից մերժում ստանալու պատճառով:

Մինչ ցեղասպանության ժառանգների ցավն ու վիշտը թույլ չէր տրվում արտահայտել հրապարակավ, Գերմանիայի քաղաքների հանրային վայրերում հայերի և հույների դեմ ցեղասպանության հիմնական կազմակերպիչները հիշատակվում և մեծարվում են, մասնավորապես՝ Բեռլին-Նոյքյոլնի «նահատակների» մզկիթի (Şehitlik Mosque) բակում, որտեղ գտնվում են Ջեմալ Ազմիի և Բեահեդդին Շաքիրի «պատվավոր» գերեզմանները, նկատել են աշխատանքային խմբի անդամները և հավելել, որ Բունդեսթագի կողմից ճանաչումը նաև դրական ազդեցություն կունենա օսմանյան ցեղասպանության գիտական վերանայման վրա և մասնավորապես դրանում Գերմանիայի դերի քննման հարցում:

«Այս պահին մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստել են գերմանական կառավարական կուսակցությունների վերաբերմունքի փոփոխությանը: Մենք հատկապես շնորհակալ ենք Գերմանիայում հայկական համայնքի հետևողական ջանքերի համար: Նրանց միջոցով գերմանացի ժողովուրդը տեղեկացվել է ցեղասպանության հանցագործության և սերունդների վրա դրա շարունակական ազդեցության մասին», -նշված է հայտարարության մեջ:

Ապրիլի 24-ին ընդառաջ Գերմանիայի դաշնային խորհրդարանում «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու շուրջ վեճերն ակտիվացել են: Հայերի տեղահանության ու կոտորածների 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի խորհրդարանում քննարկում է կայացել,որին անդրադառնալով Բեռլինում լույս տեսնող Tagesspiegel թերթը գրում է՝ ընդդիմադիր «ձախերի» ու «կանաչների» կուսակցությունները կողմ են «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն, սակայն կառավարությունն ու կոալիցիոն կուսակցություններն այդ նախաձեռնությանը դրական չեն ընդունում: