Ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական ապատեղեկատվությունն են տարածում` իբրև ՊԲ զինծառայողների կողմից Ադրբեջանի սահմանամերձ գյուղերը գնդակոծվում են: Այս անգամ ասվում է, թե իբր արկերն ընկել են բնակելի տների բակերում և գերեզմանատան տարածքում:
ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հերքել է տեղեկությունը, գրում է Panorama.am-ը:
«Ընդամենն ադրբեջանական քարոզչության հերթական մտացածին բանը: Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ՊԲ-ն չի կրակել խաղաղ բնակիչների ուղղությամբ ու չի կրակում մինչ օրս, նրանք երբևէ չեն եղել մեր թիրախը: Մեր պատերազմը բացառապես հրադադարի ռեժիմը խախտող Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների դեմ է»,- շեշտել է նա:
Դեռևս ընթացիկ տարվա մարտին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել` իբր հայկական կողմը կրակ է բացել «Աղդամի շրջանի բնակիչների ուղղությամբ, երբ վերջիններս այցելում էին իրենց հարազատների շիրիմները»: Այս տեղեկությունը ևս հերքվել է:
Բացի այդ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և արդյունքում տվել 5 զոհ և 10 վիրավոր, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական քարոզչության տարածած տեղեկատվությունը՝ այն որակելով ոչ այլ կերպ, քան այսօր՝ ապրիլի 21-ի գիշերը իր իսկ կողմից շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում կրած սեփական կորուստները քողարկելու անհույս փորձ: ՊԲ առաջապահ ուժերը վստահորեն շարունակում են իրականացնել իրենց մարտական դիրքերի պաշտպանությունը և անհրաժեշտության դեպքում դիմում կանխարգելիչ գործողությունների:
Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը` ժամը 05:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձը: ՊԲ առաջապահ ուժերը ժամանակին հայտնաբերելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջացումը, անցել են շրջանաձև պաշտպանության և մերձամարտի բռնվել նրա հետ: Մոտ քառորդ ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդը դեպքի վայրում է թողել արյան բազմաթիվ հետքեր, 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի մեկ արկ, 5 դատարկ պահունակ, հատուկ դիպուկահար հրացանի («Վինտարեզի») 1 պահունակ` 4 փամփուշտով, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և ճողոպրել իր ելման դիրքերը:
Ըստ հավաստի տեղեկությունների, ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ և վիրավորներ, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ դիրքապահ ուժերը կորուստներ չեն ունեցել: Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են: