22 ապրիլի 2015 - 10:56 AMT
Կոնգրեսական Շիֆը հիասթափված է Օբամայի որոշումից. Եթե ոչ 100 տարի անց, ապա ե՞րբ

Կոնգրեսական Ադամ Շիֆը խորապես հիասթափված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ուղերձում Հայոց ցեղասպանությունը չճանաչելու որոշումից: Այդ մասին կոնգրեսականը գրել է Facebook-յան իր էջում: «Խորապես հիասթափված եմ նրանից, որ նախագահը հերթական անգամ չի կարողանում ճիշտ գնահատել 1,5 մլն հայերի բնաջնջումը 1915-23 թթ. և ճանաչել, որ դա ցեղասպանություն էր: Որքա՞ն պետք է սպասեն զոհերն ու նրանց ժառանգները, մինչև որ մեր երկիրն այնքան համարձակություն ունենա, որ դիմակայի Թուրքիային` ճշմարտությունն ասելով Օսմանյան կայսրության հանցավոր անցյալի մասին: Եթե նախագահը չասի անցյալը ճանաչելու մասին, ապա ո՞վ պետք է դա անի: Եթե՞ ոչ 100 տարի անց, ապա ե՞րբ»,-գրել է նա:

«ԱՄՆ-ն տարիներ շարունակ հպարատցել է, որ փարոս է հանդիսանում մարդու իրավունքների պաշտպանության, վայրագությունների դեմ պայքարի, սեփական և այլ երկրների անցյալի ցավոտ էջերի ճանաչման գործում: Դա չի կարող լինել, եթե նախագահը կամ Կոնգրեսը մեղսակից են դառնոմ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը: Անցած շաբաթ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարեց վերքն ամոքելու անհրաժեշտության մասին, որը շարունակում է արյունահոսել ճանաչման բացակայության պատճառով: Ես միայն ուզում եմ, որ Վաշինգտոնում դա լսեն»,-գրել է Շիֆը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Դենիս Մակդոնոուն և ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը Սպիտակ տանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ Բարաք Օբաման որոշել է չճանաչել Հայոց ցեղասպանությունն ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում, գրում է Asbarez-ը:

«Այն, որ Օբաման տեղի տվեց Թուրքիային ազգային խայտառակություն է, ճշմարտության դավաճանություն, վստահության դավաճանություն»,-հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը: «Այն օրերին, երբ ողջ աշխարհի ուշադրությունը գամված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նախագահ Օբաման օգտագործում է մեր երկրի հեղինակությունը ոչ թե ճշմարտությունը պաշտպանելու, այլ ի սպաս դնելու բերանները փակելու օտարերկրյա քաղաքականությանը: Ըստ էության, նա ԱՄՆ քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում վստահել է Թուրքիայի նախագահ Էրդողանին»,-ասել է Խաչիկյանը:

«Որպես ամերիկահայեր, չնայած նախագահ Օբամայի անդադար կապիտուլացիաներին օտարերկրյա ճնշման առջև, մենք, մեր դաշնակիցների հետ միասին, կրկնակի եռանդով կաշխատենք` ամրապնդելու համար ամերիկյան աջակցությունը Հայոց ցեղասպանության հարցի արդար կարգավորմանը»,-հավելել է նա:

Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ: