22 ապրիլի 2015 - 13:09 AMT
Ավստրիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Խորհրդարանի խմբակցությունները համատեղ հայտարարություն են ընդունել (թարմացված)

Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունները ապրիլի 22-ին մեկ րոպե լռությունից հետո ընդունել են համատեղ հայտարարություն՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են Ավստիրայում ՀՀ դեսպանությունից՝ նշելով, որ այս հայտարարության ընդունումը նշանակում է՝ Ավստրիան պաշտոնապես ընդունել և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Հայտարարության ընդունմանը ներկա են եղել նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հայտարարությունը սահմանում է, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, կոչ է անում ժամանակակից Թուրքիային առերեսվել պատմությանը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ավստրիան ընդունում է իր պատասխանատվությունը` Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության և Ավստրո-Հունգարիայի դաշնակցության առումով:

Քիչ անց հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ Հայաստանը ողջունում է Ավստրիայի Հանրապետության օրենսդիր բարձրագույն մարմնի՝ խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությունը:

«Այս քայլով Ավստրիան կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»,- նշել է նախարարը։

Ավելի վաղ ավստրիական հեղինակավոր «Շտանդարտ» (Der Standard) պարբերականը անդրադարձել է հայտարարությանը ու ներկայացրել վերլուծություն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ փաստաթղթում հղում է արվում նաև Ավստրիայի պատմական պատասխանատվությանը, քանզի այդ տարիներին Ավստրո-Հունգարական կայսրությունը հանդիսանում էր Օսմանյան կայսրության դաշնակիցը:Պարբերականը տեղեկացնում է, որ 1.5 միլիոն հայերի սպանության փաստը վերջին շրջանում հանրային հնչեղություն է ստացել Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Եվրոպական խորհրդարանի կողմից ցեղասպանություն որակվելու պատճառով: Ներկայացնելով Պապի հայտարարությունն առ այն, որ տեղի ունեցածը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»՝ «Շտանդարտը» նշում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի համար պապի խոսքերն «արժեք չունեն»:

«Առաջին անգամ իրավիճակն այլ է պաշտոնական Ավստրիայի համար»,- գրում է պարբերականն ու նշում, որ խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ հիշատակված է նաև Թուրքիայի տասնյակ հազարավոր քրիստոնյա այլ բնակիչների՝ արամեացիների, ասորիների, խալդեացիների, պոնտացի հույների կոտորածների փաստը:

Ըստ աղբյուրի, հայտարարության տեքստում ասվում է, որ «Ավստրիան պարտավորվում է սարսափելի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն և դատապարտել այն»: Միևնույն ժամանակ հայտարարությամբ կոչ է արվում Թուրքիային՝ առերեսվել իր անցյալի մութ ու ցավալի էջերին և Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը ճանաչել որպես ցեղասպանություն:

Փաստաթղթում նաև նշվում է, որ հայերի դեմ ուղղված ոճրագործությունը չպետք է մոռացության մատնվի: «Ազատության, խաղաղության ու մարդու իրավունքների մեր անքակտելի արժեքների ընկալումն անխզելիորեն կապված է բռնությունների, հետապնդումների, արտաքսումների ու զանգվածային սպանությունների զոհերի հիշատակն ըստ արժանվույնս պահելու հետ»,- ըստ պարբերականի՝ ասված է հայտարարության տեքստում:

Պարբերականը տեղեկացնում է, որ ավելի քան 20 երկրներ հայերի կոտորածները ճանաչել են որպես ցեղասպանությունը: Նշելով, որ դա պատմական փաստ է, «Շտանդարտը» տեղեկացնում է, որ Ավստրիան մինչ այժմ խուսափում էր փաստը ճանաչելուց՝ ներկայացնելով ընդամենը մեկ փաստարկ, թե դա տեղի է ունեցել է մինչև 1948թ.՝ մինչև ՄԱԿ համապատասխան կոնվենցիայի ընդունումը: Թերթը նշում է, որ մինչև այդ տեղի է ունեցել նաև Հոլոքոստը, ինչը պաշտոնական Վիեննան ճանաչում է որպես այդպիսին:

Ինչ վերաբերում է ներկայացված հայտարարությանը, ապա աղբյուրի հաղորդմամբ՝ այս մասին Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դիմել էր Ավստրիայի նախագահ Ֆիշերին, կանցլեր Ֆայմանին, փոխկանցլեր Միթերլեներին և Ազգային ժողովի նախագահ Բուրեսին, խնդրանքով, որ Ավստրիան միանա «մյուս երկրների փորձին» և ի վերջո ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:

Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը: