22 ապրիլի 2015 - 13:27 AMT
Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից, ՀԱՆ-17, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ԶՈւ-23/2 տիպի զենիթային համակարգերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց, հայտնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ ուժերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց մարտական խնդիրը:

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը` ժամը 05:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ ուժերը ժամանակին հայտնաբերելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջացումը, անցել են շրջանաձև պաշտպանության և մերձամարտի բռնվել նրա հետ: Մոտ քառորդ ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդը դեպքի վայրում է թողել արյան բազմաթիվ հետքեր, 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի մեկ արկ, 5 դատարկ պահունակ, հատուկ դիպուկահար հրացանի («Վինտարեզի») 1 պահունակ` 4 փամփուշտով, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և ճողոպրել իր ելման դիրքերը:

Ըստ հավաստի տեղեկությունների, ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ և վիրավորներ, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ դիրքապահ ուժերը կորուստներ չեն ունեցել:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար:

Պաշտպանության նախարարությունում ապրիլի 21-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խիստ կարևորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում զինանձնակազմի զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը: «ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկաների ուշադրությունն առանձնակի հրավիրել է այն հանգամանքի վրա, որ սովորաբար հիշատակի և տոնական օրերին հակառակորդը դրսևորում է աննախադեպ լարվածություն, ուստի բանակի հրամկազմի խնդիրն է առաջիկա օրերին ամենայն աչալրջությամբ և զգոնությամբ հետևել հակառակորդի գործողություններին», - պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն ասել է նախարարը: