23 ապրիլի 2015 - 00:09 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Տարածքների վերադարձն աբսուրդ ենթադրություն չէ, ապրիլի 24-ին էլ հիշատակի միջոցառում կլինի Թուրքիայի 28 քաղաքում

Այսօր Թուրքիան միասնական չէ, թուրքիաներ կան, թուրքական հասարակությունում կան մարդիկ, ովքեր այլ կերպ են մտածում, ապրիլի 22-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումում ասել է թուրք պրոֆեսոր Չենգիզ Աքթարը:

Նա նշել է, որ արդեն առնվազն 15 տարի, թուրքական հասարակության որոշ հատվածներ այլևս չեն հավատում Ցեղասպանության վերաբերյալ ներկայացրած պաշտոնական կարծիքին: Խոսել է հրատարակչական, գիտական գործունեության առաջընթացի մասին և հայտնել, որ երիտասարդ հետազոտողների թիվը գնալով աճում է, ովքեր մեծ ցանկություն ունեն այս հարցն ուսումնասիրել, գրում է Tert.am-ը:

Աքթարը նկատել է, որ նաև արմատների փնտրտուք է տեղի ունենում և գնալով ավելանում են նրանք, որոնք հպարտորեն են խոսում իրենց տատերի մասին, իսկ ապրիլի 24-ն հիշատակի միջոցառումներ կլինեն Թուրքիայի 28 քաղաքներում: Ու թեև «ց»-ով բառի օգտագործումը Թուրքիայի քրեական օրենսգրքի 305 րդ հոդվածով պատժելի է, սակայն այն Թուրքիայում բոլորի բերանից հնչում է:

2015-ը Ցեղասպանության վերաբերյալ իրազեկման բարձրացման տարի է, ասել է համաժողովի զեկուցողներից Հենրի Թերիոն և նշել, որ ժխտողականության քաղաքականությունը աշխատում է դրա դեմ: Ըստ նրա՝ արդար բանակցություններ կլինեն այն դեպքում, երբ արդարացի փոխհատուցում կտրվի:«Հողերը, գումարը, բանկային հաշիվները վերցվել են հայերից, զանգվածային բռնագրավումը հասել է նույնիսկ կենցաղային իրերի, կահույքի առգրավմանը»,- ասել է նա և նշել, ըստ որոշ դիտարկումերի՝ հայկական գույքով է ստեղծվել թուրքական հանրապետության տնտեսությունը, այսինքն՝ թուրքական պետությունը ստեղծվել է հայկական ունեցվածքի հիման վրա, իսկ հազարավոր հայեր զրկվել են ամեն ինչից և մատնվել աղքատության:

Եթե Ցեղասպանություն չլիներ, հայերն այսօր քսանմիլիոնանոց բնակչություն կունենային, նշել է նա և ընդգծել, որ փոխհատուցումը վերաբերում է հայությանը՝ որպես խմբի, ոչ թե առանձին անձերի, թեև վերջիններս ևս կարող են իրենց պահանջները ներկայացնել:

«Տարածքային պահանջները, որպես կանոն, նուրբ խնդիր են: Լայն տարածքների վերադարձը չպետք է դիտարկել որպես աբսուրդ ենթադրություն»,- ասել է Թերիոն:

Աղոթում ենք, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, ֆորումի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է բարոնուհի Քերոլայն Քոքսը:

Բարոնուհին հավելել է, որ Մեծ Բրիտանիայի դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններ է նկատում՝ հույս հայտնելով նաև, որ Գերմանիան էլ կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Քոքսի հավաստմամբ՝թուրքական իշխանությունների համար ավելի հեշտ կլիներ, եթե Ցեղասպանության ճանաչումը չընդունեին որպես ամոթ, այլ՝ որպես պատվի հարց: «Հաջորդ գործոնը, որի պատճառով Թուրքիան չի ընդունում Ցեղասպանությունը, դա պահանջատիրության հարցն է, Անկարան վախենում է դրանից»,- ասել է բարոնուհին: Զանգվածային ջարդերը խթանում են պատերազմների ջատագովների տարածումը, ասել է զեկուցող Ֆրենկ Չոքը՝ խոսելով այն մասին, թե պետությունները ցեղասպանություններից խուսափելու ինչ շահեր ունեն:

«Զանգվածային ջարդերը պարտադրված արտագաղթի հիմնական խթանն են և արագացնում են մահացու վարակիչ հիվանդությունների տարածումը»,- ասել է նա և նկատել. «Այն կյանքերը, որ փրկում ենք կարող էին լինել մեր սեփականը»:

Համաժողովում հուզիչ ելույթ ունեցավ Ռուանդայի թութսի ցեղախմբին պատկանող Էսթեր Մուջավայոն, ով հրաշքով ողջ է մնացել, վերապրել ցեղասպանության ծանր ապրումներն ու կորուստները, քանի որ սպանել են նրա ամուսնուն, հորը, քրոջը, մորաքրոջը, հորաքրոջը, սկեսրարին, սկեսրոջը, գրում է yerkir.am-ը:

«Իմ բախտը բերեց, և ես ողջ մնացի իմ երեք փոքրիկ դուստրերի հետ»,- ասել է նա և հավելել. «Ես եկել եմ Հայաստան որպես քույր, ցավի քույր, որին թիրախավորել էին ցեղասպանության համար, այսինքն` դու պետք է մահանաս, քանի որ ծնվել ես որպես թութսի: Ես կրում եմ վերապրողի դրականը, տոկունությունը, դա նման է ծառի, երբ կտրում են ծառի բոլոր ճյուղերը, բայց արմատները կան, ու տեսնում ես ճյուղերը, որոնք նորից կաճեն, ու նորից տերևներ կլինեն: Հիմա ես տեսնում եմ այս գեղեցիկ կամավոր հայ աղջիկներին` գեղեցիկ վզնոցներով: Ու հիշում եմ իմ ցեղի երիտասարդ աղջիկներին, որոնց բռնաբարել են, որովհետև չէին ուզում սպանել, դա ավելի հեշտ էր, ահա, թե ինչու բռնաբարում էին, վարակում ՄԻԱՎ-ով, որ դանդաղ մահանան: Եվ մեր ցեղի կանանց 70 տոկոսը վարակված էր ՄԻԱՎ-ով»:

Կինը նշել է, որ իրենց ցեղասպանության ժամանակ ՄԱԿ-ի ներկայացուցիչն այնտեղ էր և զեկուցել է, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա ցեղասպանություն կլինի, բայց ոչ ոք ոչ մի բան չարեց` դա կանխարգելելու համար: «Որովհետև քաղաքական կամք գոյություն չուներ, ու դու զգում ես, որ դու արժեք չունես, չունես այն արժեքը, որը ունի մեկ այլ ազգի մարդ: Երեք ամսում սպանեցին մեկ միլիոն թութսիների: Ու դու զգում ես, որ դատարկ ես, մենակ ես, ոչ մեկին չունես:

Բայց չէ՞ որ ես ինչ-որ մեկի կինն էի, քույրն էի, հիմա այդ բոլորն այլևս գոյություն չունի, ու դու պետք է ապրես մահացած հարազատներիդ հիշողությամբ, թե ինչպես են նրանք սպանվել»,- ասել է Էսթեր Մուջավայոն և սկսել լաց լինել: Այնուհետև նա պատմել է, թե ինչու է ամբիոնին մոտեցել երկար կտորով փաթաթված, որովհետև իրենց ցեղի կանանց մերկացրել են, բռնաբարել ու, մերկ թողնելով, սպանել: Ու այդ պահերին ամեն մեկը երազում էր, որ իր դուստրը, մայրը կամ տատիկը մերկ չլինի:

«Այնքան անարդար է. սպանել են ժողովրդին, կանանց վարակել ՄԻԱՎ վարակով, ու երբ մենք գնացինք վկայություն տալու, որ դեղեր ստանանք, մեզ ասացին, որ վերապրողների համար դեղեր չկան»,- ասել է կինը: Նրա ելույթից հետո երկարատև ծափեր են հնչել, ոմանք նույնիսկ հոտնկայս էին ծափահարում:

Երևանի մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով երկօրյա գլոբալ ֆորումը, որի աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 600 մասնակից՝ ավելի քան հինգ տասնյակ երկրից:

Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացմանը, ցեղասպանությունների հետևանքների վերացմանը և պատասխանատվության խնդիրներին վերաբերող հարցեր: Նախատեսվում է խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության լիագումար նիստ, որի ընթացքում ելույթներով հանդես կգան խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներ:

ՖՈՏՈՇԱՐՔ