23 ապրիլի 2015 - 10:08 AMT
Թուրքիան հետ է կանչել Ավստրիայում իր դեսպանին

Անկարան հետ է կանչել Վիեննայում իր դեսպանին Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունից հետո, ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է MK.ru-ն: Ավստրիայի խորհրդարանն ապրիլի 22-ին ճանաչեց Օսմանյան կայսրությունում հայերի և մյուս փոքրամասնությունների ցեղասպանությունը՝ հորդորելով Թուրքիային «վերաիմաստավորել սեփական անցյալի մութ ու ցավոտ էջերը և ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ գործած ոճրագործությունները որպես ցեղասպանություն»:

«Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունը Թուրքիայում վրդովմունքով ընդունեցին, քանի որ այն հակասում է պատմական փաստերին ու անհիմն մեղադրում հանցանքների մեջ թուրք ժողովրդին: Ուստի, մեր դիրքորոշումը հայտնելով Անկարայում Ավստրիայի դեսպանին, որոշվեց հետ կանչել Վիեննայում Թուրքիայի դեսպան Հասան Գյոգյուշին խորհրդակցությունների համար»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունները ապրիլի 22-ին մեկ րոպե լռությունից հետո ընդունեցին համատեղ հայտարարություն՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնել են Ավստիրայում ՀՀ դեսպանությունից՝ նշելով, որ այս հայտարարության ընդունումը նշանակում է՝ Ավստրիան պաշտոնապես ընդունել և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Հայտարարության ընդունմանը ներկա են եղել նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հայտարարությունը սահմանում է, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, կոչ է անում ժամանակակից Թուրքիային առերեսվել պատմությանը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ավստրիան ընդունում է իր պատասխանատվությունը` Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության և Ավստրո-Հունգարիայի դաշնակցության առումով: