23 ապրիլի 2015 - 12:31 AMT
Սպիտակ տունը մտադիր է Ցեղասպանության ամբողջական ճանաչման կոչ անել, բայց վախենում է «ցեղասպանություն» բառից

Սպիտակ տունը հրաժարվել է օգտագործել «ցեղասպանություն» բառը 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որպես «ցեղասպանություն» բնորոշելու համար: Այդ է վկայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ներկայացուցիչ Էրիկ Շուլցի մամուլի ասուլիսի ելույթը, գրում է Գազետա.ռու-ն:

Լրագրողները հարցրել են ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարին, թե ինչու էր նախագահ Օբաման 2008 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ կիրառում «ցեղասպանություն» եզրույթն, իսկ այժմ խուսափում է դրանից:

«Նախագահն ու վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս են որպես պատմական փաստ ճանաչել 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Մենք մտադիր ենք օգտվել այս առիթից` ուշադրություն հրավիրելով 1915 թ. սարսափելի իրադարձությունների վրա և կոչ անելով փաստերի ամբողջական, ազնիվ ու արդար ճանաչման, ինչը, մեր կարծիքով, բխում է բոլոր կողմերի շահերից»,-հայտարարել է Շուլցը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Դենիս Մակդոնոուն և ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը Սպիտակ տանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել են, որ Բարաք Օբաման որոշել է չճանաչել Հայոց ցեղասպանությունն ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում:

«Այն, որ Օբաման տեղի տվեց Թուրքիային ազգային խայտառակություն է, ճշմարտության դավաճանություն, վստահության դավաճանություն»,-հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը: «Այն օրերին, երբ ողջ աշխարհի ուշադրությունը գամված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նախագահ Օբաման օգտագործում է մեր երկրի հեղինակությունը ոչ թե ճշմարտությունը պաշտպանելու, այլ ի սպաս դնելու բերանները փակելու օտարերկրյա քաղաքականությանը: Ըստ էության, նա ԱՄՆ քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում վստահել է Թուրքիայի նախագահ Էրդողանին»,-ասել է Խաչիկյանը:

«Որպես ամերիկահայեր, չնայած նախագահ Օբամայի անդադար կապիտուլացիաներին օտարերկրյա ճնշման առջև, մենք, մեր դաշնակիցների հետ միասին, կրկնակի եռանդով կաշխատենք` ամրապնդելու համար ամերիկյան աջակցությունը Հայոց ցեղասպանության հարցի արդար կարգավորմանը»,-հավելել է նա:

Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ: