23 ապրիլի 2015 - 16:29 AMT
ԵԽ-ում սառեցված հակամարտությունների, այդ թվում ԼՂ, գծով նոր ենթակոմիտե է ստեղծվում

Եվրոպայի խորհրդում ստեղծվում է նոր ենթակոմիտե, որը զբաղվելու է ԵԽ անդամ երկրների միջև հակամարտություններով:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել ԵԽ մամուլի ծառայությունում, ենթակոմիտեն, որը դառնալու է դիտարկման կոմիտեի ենթակառույցы, զբաղվելու է հակամարտություններով, որոնք անցել են ակտիվ ռազմական փուլը, սակայն դեռ բոլոր կողմերին բավարարող խաղաղ պայմանագրի կնքման ճանապարհին են:

Ենթակոմիտեն կոչված է լինելու հակամարտությունների կարգավորման մեխանիզմ կամ հարթակ, որի նպատակն է օգտագործել խորհրդարանական դիվանագիտությունն աջակցելու համար կարգավորման մեխանիզմներին: Ինչպես ակնկալվում է, առաջին փուլում ենթակոմիտեն զբաղվելու է Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի, Հյուսիսային Կիպրոսի, Մերձդնեստրի, Ղրիմի և հետագայում նաև Ուկրաինայի արևելքի հակամարտություններով:

2011 թ. հունվարի 28-ին որոշում կայացվեց Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի գործունեության վերականգնելու մասին: Քվեարկության ժամանակ հայկական պատվիրակությունը դեմ արտահայտվեց: Քվեարկությունը տեղի ունեցավ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում թուրք քաղաքական գործիչ, այժմ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ընտրվելուց անմիջապես հետո:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը մինչ օրս դեմ է ենթակոմիտեի վերաբացմանը և բոյկոտում է նրա գործունեությունը` հրաժարվելով մասնակցել նրա աշխատանքներին: «Մեր դիրքորոշումն այն է, որ այդ ենթակոմիտեն չի կարող կատարել իր առաքելությունը: Իսկ նրա առաքելությունն է փոխադարձ վստահություն ստեղծելը երկու պատվիրակությունների միջև, ինչպես նաև այդ վստահության ընդլայնումը»,-ասել էր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը: