24 ապրիլի 2015 - 15:44 AMT
Էրդողան. Կիսում եմ հայ համայնքի ցավը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1915-ի դեպքերի վերաբերյալ հաղորդագրություն է ուղարկել Պոլսո հայոց պատրիարքարան, որտեղ այսօր «Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակին» նվիրված արարողություն է տեղի ունեցել, տեղեկացնում է թուրքական Posta թերթի կայքը:

«Պոլսո պատրիարքի փոխանորդ պարոն Արամ Աթեշյան, մեր հայ քաղաքացիների համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը ևս մեկ անգամ հարգանքով հիշում եմ Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում զոհված բոլոր օսմանցի հայերին և ցավակցություններս եմ հայտնում նրանց երեխաներին ու թոռներին»,-ասել է նա, հայտնում է Tert.am-ը:

Էրդողանն իր ուղերձում հիշատակել է նաև Օսմանյան կայսրության, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության տարիներին տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական կյանքում հայերի ակտիվությունը:

Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է խաղաղ պայմաններում և եղբայրաբար ապրելու անհրաժեշտության մասին ու նշել, թե իրենք պայքարում են դրա համար:

«Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ անկեղծորեն կիսում եմ հայ համայնքի ցավը և նշում, որ գիտենք նախկինում տեղի ունեցած տխուր միջադեպերի մասին»,-ասված է Էրդողանի ուղերձում:

Էրդողանը ցավակացական ուղերձով էր հանդես եկել նաև անցյալ տարի:

2014-ի ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով: Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար:

Իսկ Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան միշտ շեշտադրել է այն հանգամանքը, որ պատրաստ է բացել իր արխիվները` մասնավորապես ռազմական, 1915 թվականի դեպքերի հետ կապված, հայտնում է Panorama.am-ը թուրքական «Անադոլու» գործակալության վրա հղումով:

«Ուզում եմ խոսքս հասցեագրել Եվրոպական միությանը: Նրանք մեզ խորհուրդ էին տալիս բացել մեր արխիվները: Ես միշտ էլ ասել եմ` մենք պատրաստ ենք բացել արխիվները: Մենք նաև պատրաստ ենք բացել մեր ռազմական արխիվները»,- նշել է Էրդողանը: Էրդողանը նաև կոչ է արել Հայաստանին և մնացած բոլոր երկրներին, որոնք ունեն 1915 թվականի դեպքերի վերաբերյալ արխիվային փաստաթղթեր, նույնպես հասանելի դարձնել դրանք փորձագետներին ու վերլուծաբաններին: