24 ապրիլի 2015 - 19:05 AMT
Բեյրութում տասնյակ հազարավոր հայեր դուրս են եկել երթի ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման օրը Լիբանանի հայ համայնքի տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ դուրս են եկել երթի Բեյրութի հյուսիսային հատվածում: Ակցիայի մասնակիցները կրել են հայկական դրոշներ և անմոռուկի պատկերով սպիտակ պաստառներ: Ցուցարարները Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից շարժվել են դեպի Բուրջ Համուդի մարզադաշտ:

Ելույթ ունենալով հավաքվածների առջև` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարել է, որ հայերին հարկավոր չեն Թուրքիայի ցավակցությունները, այլ պետք է ճանաչում և արդարություն: «Մենք ասում ենք ողջ աշխարհին, որ իրենք չկարողացան մեզ հաղթել, որովհետև մենք վերածնվեցինք»,- ասել է նա:

Լիբանանի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներն իրենց ելույթներում նշել են, որ աշխարհի բոլոր երկրները պետք է ճանաչեց ցեղասպանությունն ու ճնշում գործադրեն Թուրքիայի վրա` պահանջելով ճանաչում նաև վերջինիս կողմից:

Իսկ Լիբանանի վարչապետ Թամամ Սալամն Արամ Առաջինի հետ հեռախոսազրույցում է ցավակցել ողբերգության կապակցությամբ: «Լիբանանի ժողովուրդը բարձր է գնահատում հայ համայնքի դրական ու կարևոր դերը` ուղղված ազգային միասնության ու հաշտության ամրապնդմանը»,- ասել է Սալամը: