24 ապրիլի 2015 - 22:38 AMT
Թուրքիայի ԱԳՆ. Չնայած մեր զգուշացումներին և կոչերին Պուտինը 1915-ի դեպքերը ցեղասպանություն որակեց

Թուրքիայի ԱԳ նախարարը դատապարտել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները:

«Թուրքիան դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները Հայոց ցեղասպանություն անվանելու արտահայտությունը»,- ՏԱՍՍ գործակալությունը հղումով գրում է Panorama.am-ը:

«Չնայած մեր բոլոր զգուշացումներին և կոչերին, Ռուսաստանի նախագահ Պուտինը 1915 թվականի իրադարձությունները որակեց որպես ցեղասպանություն: Մենք սա չենք ընդունում և դատապարտում ենք: Թուրքիայի համար նման քաղաքական հայտարարությունները իրավունքի ակնհայտ խախտում են և իրավական ուժ չունեն»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

1.5 մլն խաղաղ բնակիչ սպանվեց ու ավելի քան 6 հարյուր հազարը վտարվեց սեփական երկրից ու զանգվածային հետապնդումների ենթարկվեց, ոչնչացվեցին ճարտարապետության անգին հուշարձաններ, հինավուրց գրքեր ու անգին ձեռագրեր այրվեցին, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով. «Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»:

«1915 թվականի իրադարձությունները ցնցեցին ամբողջ աշխարհը:Ռուսաստանում այն ընդունեցին որպես սեփական ցավ: Հարյուր հազարավոր մարդիկ ապաստան գտան Ռուսաստանում ու փրկվեցին: Հենց ռուսական դիվանագիտությունը հասավ հայ ժողովրդի նկատմամբ կատարվածի միջազգային դատապարտմանը, Ռուսաստանը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, քիչ առաջ Ֆրանսիայի նախագահը հիշատակեց այդ մասին, համատեղ հայտարարությամբ տեղի ունեցածն ուղղակիորեն անվանեցին մարդկության ու պետության դեմ ուղղված հանցագործություն»,- ասել է Պուտինը:

Անդրադարձ կա նաև ՌԴ Պետդումայի հայտարարաությանը.«Մենք գիտենք, որ 1995-ից ի վեր Դուման սովորություն ունի 10 տարին մեկ անգամ քաղաքական հայտարարություն անել, որն աջակցում է Հայաստանի միակողմանի շահերին: Դուման չխախտեց այդ ավանդույթը և 2015թ. ապրիլի 24-ին կրկին արեց համապատասխան հայտարարություն: Մենք այն ևս դատապարտում ենք»:

Գերատեսչությունում նաև նշել են, որ Ռուսաստանի նախագահի մասնակցությունը ապրիլի 24-ին Երևանում կազմակերպված միջոցառումներին, «պետք է գնահատել որպես Հայաստանի քարոզարշավի մի մաս»:

Ռուսաստանի Պետդուման ապրիլի 24-ին հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ. «Պետդուման իր խորին ցավակցությունն է հայտնում եղբայրական Հայաստանին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում ողբերգական իրադարձությունների ժամանակ տուժած այլ ժողովրդներին և գտնում է, որ պատմության բարդ հարցերն ու միջազգային վեճերը հարկավոր է հանգուցալուծել խաղաղ միջոցներով, այդ թվում դիվանագիտական ջանքերով` հանուն կայուն խաղաղության ու անվտանգության հաստատման համայն աշխարհում:

Պետդումայի պատգամավորները վստահ են, որ Եվրասիական մայրցամաքը կարող է և պետք է բարիդրացիության և իրավահավասար գործակցության օրինակ, խաղաղության ու արարչության տարածք դառնալ:

«Դրան է նպաստում բազմակողմ գործունեությունն այնպիսի միջազգային կառույցների շրջանականերում, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որոնց նպատակն է կայուն զարգացումը, մեր ժողովրդների բարգավաճումն ու մարդասիրական գաղափարների հաղթանակը»,- ասվում է ընդունված հայտարարության տեքստում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: