25 ապրիլի 2015 - 11:20 AMT
Հոլիվուդում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիված երթին 100-130 հազար մարդ է մասնակցել

Լոս Անջելեսի հրապարակներից մեկը վերանվանվել է՝ «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ»: Այն գտնվում է Հոլիվուդ-բուլվար և Ուեսթ-ավենյու փողոցների հատման վայրում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հրապարակի անվանակոչման մասին որոշումը կայացվել էր դեռ մարտ ամսին՝ քաղաքային խորհրդի կողմից:Անվանակոչումը Լոս Անջելեսում անցկացվող Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի միջոցառումների մասն է կազմում:

«Այսօր մենք ևս մեկ քայլ ենք անում անցյալը ճանաչելու համար»,- հայտարարել է քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը:

Բացի այդ ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ ապրիլի 24-ին Հոլիվուդում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիված երթին մոտավոր հաշվարկներով մասնակցել է 100-130 հազար մարդ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման օրը Լիբանանի հայ համայնքի տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ դուրս են եկել երթի Բեյրութի հյուսիսային հատվածում: Ակցիայի մասնակիցները կրել են հայկական դրոշներ և անմոռուկի պատկերով սպիտակ պաստառներ: Ցուցարարները Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից շարժվել են դեպի Բուրջ Համուդի մարզադաշտ:

Ելույթ ունենալով հավաքվածների առջև` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարել է, որ հայերին հարկավոր չեն Թուրքիայի ցավակցությունները, այլ պետք է ճանաչում և արդարություն: «Մենք ասում ենք ողջ աշխարհին, որ իրենք չկարողացան մեզ հաղթել, որովհետև մենք վերածնվեցինք»,- ասել է նա:

Լիբանանի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներն իրենց ելույթներում նշել են, որ աշխարհի բոլոր երկրները պետք է ճանաչեց ցեղասպանությունն ու ճնշում գործադրեն Թուրքիայի վրա` պահանջելով ճանաչում նաև վերջինիս կողմից: