25 ապրիլի 2015 - 11:19 AMT
Նյու Յորքի քաղաքապետ. Հարգում ենք այն զոհերի հիշատակը, ովքեր նահատակվել են 100 տարի առաջ ցեղասպանության ժամանակ

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել։

«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգում այն զոհերի հիշատակը, ովքեր նահատակվել են 100 տարի առաջ ցեղասպանության ժամանակ, որը 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից է։ Այդ ժամանակ ավելի քան 1 մլն հայ ենթարկվել է բռնության, սպանվել և տեղահանվել»,- գրել է քաղաքապետը։

Նրա խոսքով՝ Նյու Յորքում և ամբողջ աշխարհում սփռված հայերի համար այդ պատմական ցավն ավելի է խորանում, քանի որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել Ցեղասպանությունը։ Ըստ նրա՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ խոսել է այդ մասին, և դա արժի կրկնել այս ցավալի տարելիցի օրը, գրել է քաղաքապետը։

«Թուրքիայի նոր համարձակ սերունդը, որը դեմ է գնում նրանց, ովքեր ժխտում են այդ ողբերգությունը, հուսադրող է վաղուց հասունացած արդարության համար»,- գրել է Բիլ դե Բլազիոն։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս անգամ ևս չկատարեց նախընտրական խոստումը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, և խուսափեց «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց, տեղեկացնում է Аssociated Press-ը:

Հայտարարության մեջ Օբաման նշել է, որ «զանգվածային սպանությունների» տարելիցը խորհրդանշում է պատմության պահպանման կարևորությունն ու անցյալը հիշելու անհրաժեշտությունը: Նա նաև ասել է, որ ինքը բազմիցս արտահայտվել է 1915-ին տեղի ունեցածի առիթով և որ իր դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել: