9 սեպտեմբերի 2006 - 16:39 AMT
Հայաստանում մեկնարկել են «Եվրոպական ժառանգության օրերը»
ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Երեւանում Եվրոպայի Խորհրդի տեղեկատվական գրասենյակի նախաձեռնությամբ Երեւանի Զվարթնոց տաճարի թանգարան-արգելոցում բացվել են «Եվրոպական ժառանգության օրերը»

«Այս տարի Հայաստանում «Եվրոպական ժառանգության օրերի» կարգախոսն է «Հայացք միջնադարին»` նախատեսված երկօրյա միջոցառումները նվիրված կլինեն միջնադարի մշակույթին` երաժշտությանը, արվեստին, ճարտարապետությանը: Միջոցառումների շրջանակներում հանրապետության բոլոր թանգարանների մուտքը ազատ կլինի, քանի որ մեր կարեւորագույն խնդիրն է բնակչության լայն շրջանակներին հաղորդակից դարձնել պատմամշակութային արժեքներին»,-նշել է Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գագիկ Գյուրջյանը: Իր հերթին Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան նշել է, որ «Եվրոպական ժառանգության օրերի» նպատակն է խրախուսել հանրության, հատկապես երիտասարդության մասնակցությունը սեփական ժառանգության գիտակցմանը: «Նախաձեռնությունը խթանում է նաեւ միջմշակութային երկխոսությունը եւ համագործակցությունը ազգերի միջեւ: Անցյալ տարվանից Եվրոպայի Խորհրդի 49 երկրներում «Եվրոպական ժառանգության օրերի» միջոցառումներին մասնակցել է շուրջ 20 մլն մարդ եւ բացվել են 33 հազար հուշարձաններ: Եվրոպայի եւ Հայաստանի` որպես եվրոպական երկրի, ոգին արտահայտվում է նրա հոգեւոր ժառանգության մեջ: Ուստի եւ այդ ժառանգությունը հարկավոր է պահպանել»,-ընդգծել է նա:

«Եվրոպական ժառանգության օրերը» Հայաստանում կանցնեն սեպտեմբերի 9-10: Ծրագրով նախատեսվում է «Հայացք միջնադարից» խորագրով ցուցահանդեսի բացում Հայաստանի պատմության պետական թանգարանում, ինչպես նաեւ միջնադարյա որմնանկարների ցուցադրություն հանրապետության Ազգային պատկերասրահում: Մատենադարանում տեղի կունենա միջնադարի ձեռագրերի ցուցահանդես, իսկ «Մոսկվա կինոթատրոնում կցուցադրվի «Վանդալիզմը եւ Հին ջուղան» ֆիլմը` ադրբեջանցիների կողմից Նախիջեւանի հայկական խաչքարերի ավերման մասին, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: