25 ապրիլի 2015 - 13:58 AMT
Շաբաթն առաջնագծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 20 000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից ու 60մմ ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 20000 կրակոց:

Հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից բացի, ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հայ դիրքապահները ժամանակին հայտնաբերել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը, առանց խուճապի մատնվելու անցել շրջանաձև պաշտպանության և մտել մարտի մեջ: Շուրջ 15 րոպե տևած փոխհրաձգության արդյունքում` հակառակորդը կրելով մարդկային կորուստներ և մարտադաշտում թողնելով 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի 1 արկ, 5 դատարկ պահունակ, հատուկ դիպուկահար հրացանի (Վինտարեզի) 1 պահունակ` 4 փամփուշտով, 1 կարճաթև շապիկ, 1 մանգաղ, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ներարկիչներ ու ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը, հայտնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հեռակառավարման եղանակով փորձել է իրականացնել զինվորական մեքենայի պայթեցում:

Հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբին դիմակայելու ընթացքում, ինչպես նաև ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վերահսկել իրադրությունը և վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է տարբեր տիպի նռնականետեր և 60 մմ ականանետեր:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից, ՀԱՆ-17, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ԶՈւ-23/2 տիպի զենիթային համակարգերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց, հայտնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:

Պաշտպանության նախարարությունում ապրիլի 21-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խիստ կարևորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում զինանձնակազմի զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը: «ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկաների ուշադրությունն առանձնակի հրավիրել է այն հանգամանքի վրա, որ սովորաբար հիշատակի և տոնական օրերին հակառակորդը դրսևորում է աննախադեպ լարվածություն, ուստի բանակի հրամկազմի խնդիրն է առաջիկա օրերին ամենայն աչալրջությամբ և զգոնությամբ հետևել հակառակորդի գործողություններին», - պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն ասել է նախարարը: